ԱՅՍ ՕՐԸ ԶՈՐԱՎԱՐԸ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ» ՀԱՅՐԵՆԻՔ. լուսանկարներ


 Հայոց պատմության հերոսապատման կարևորագույն էջերից մեկը կապված է  Հայ զորահրամանատար, ազգային-պետական գործիչ, ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի անվան ու գործունեության հետ: Նրա կերպարի,  նրա ազգային ու զինվորական գործունեության մասին կարելի է շատ երկար խոսել և գրել։  Ազգային-պետական գործիչը, ֆիդայապետը, աննկուն մարտիկ Անդրանիկը դարձավ պայքարի, արժանապատվության և անձնազոհության խորհրդանիշ։

Օտար հողում ավարտված կյանքը

Կյանքի վերջին տարիները նա անցկացրեց ԱՄՆ-ում։ Նա
1927 թվականին իր մահկանացուն կնքեց Ֆրեզնո քաղաքում և թաղվեց տեղի «Արարատ» գերեզմանատանը։

Կյանքի վերջում, հավանաբար կանխազգալով իր վախճանը, Անդրանիկը կնոջը՝ Նվարդին, պատգամել է․ «Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը։ Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։ Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։ Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս և հոն կղրկես, տեղ մը թող թաղեն։ Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար և շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։

1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ  գերեզմանոցում։

Երազանքի իրականացումը

Միայն 2000 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով հնարավոր եղավ իրականացնել մեծ Զորավարի երազանքը։ Հերոսը վերադարձավ հաղթանակած Հայաստան և իր փառավոր տեղը գտավ հայ հերոսների պանթեոնում՝ Եռաբլուրում։

Հուշարձանները Երևանում

Դեռևս 1999 թվականին Զորավարի արձանը տեղադրվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Վահան Զատիկյանի անվան այգում։

2002 թվականին ևս մեկ՝ բրոնզաձույլ և բազալտե արձան տեղադրվեց Տիգրան Մեծ պողոտաում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի հարևանությամբ։

 Զորավարի հուշարձանները կանգնեցված են նաև Վանաձորում, Տավուշում, Հայաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում:

 Անդրանիկի «վերադարձի» տարիները իսկական հերոսների մեծարման ու գնահատման տարիներ էին։ Նրանց կերպարներով սերունդներ էին կրթվում ու դաստիարակվում։

Այս օրը Զորավարը վերադարձավ հայրենիք։
Եվ մնաց հավերժ՝ հայրենի հողի մեջ։