Նիկոլ Փաշինյանն այլևս հույսը կտրել է, որ Հայաստանի հպարտ քաղաքացին հունիսին կայանալիք ընտրություններում իրեն ձայն կտա։ Դրա ապացույցը նրա վախերի դրսևորումներն են՝ քաղաքական ռեպրեսիաների տեսքով։ Նա շարունակում է քաղաքական հետապնդման ենթարկել և կալանքի տակ պահել իր ընդդիմախոսներին ու համակիրներին, խոշոր համայնքների՝ Մասիսի և Գյումրիի ղեկավարներին և առհասարակ՝ ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչներին։ Սակայն, ինչպես գիտենք, դա տալիս է հակառակ ազդեցությունը։ Անգամ իր երբեմնի համակիրները այս կալանավորումներից հասկանում են, որ գործ ունենք բռնապետի հետ, և հերթը կարող է հասնել բոլորին։
Փաշինյանի քաղաքական հենարանը այսօր իր ՔՊ խմբակցությունն է՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաներով, ոստիկանությունը, ուժային կառույցները և դատարանները։ Այս կառույցներում էլ կան շատերը, ովքեր պարզապես հայտնվել են քաղաքական պատանդի կարգավիճակում և, ինչպես դիպուկ բնորոշել է Բագրատ Սրբազանը, ենթարկվում են «թրաֆիքինգի»։ Նրանք վախենում են բացահայտ դուրս գալ Փաշինյանի դեմ՝ իմանալով, որ իրենք էլ կենթարկվեն քաղաքական հետապնդումների։
Փաշինյանը, սակայն, ունի արտաքին աջակցություն՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և եվրոպական երկրների, որոնք այստեղ իրենց շահերն ունեն և Հայաստանի դեմ սանձազերծել են հիբրիդային պատերազմ։ Այդ պատերազմը, սակայն, «չեն նկատում» օր ու գիշեր հիբրիդայինի դեմ պայքարող իշխանականները․ նրանց հայացքներն այլ կողմ են ուղղված։
Փաշինյանը փորձում է ինքնագովազդվել՝ ասելով. «Տեսեք, ինչ “դաբրոներ” ունեմ․ ինձ աջակցում են եվրոկալլասները։ Ինձ աջակցում է ԱՄՆ-ն, որին տվել ենք ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սյունիքի ճանապարհը։ Ես արդեն Ալիևի ու Էրդողանի մարդն եմ այստեղ, խաղաղություն եմ բերել ձեզ համար»։ Սակայն գիտակից մարդը լավ հասկանում է, որ սրանք աշխարհաքաղաքական «կտեր» են, որոնք հասարակությանը հրամցնում է Փաշինյանը, և որոնք իրենց են հրամցրել Հայաստանը ծվեն-ծվեն անելու պատրաստ թուրք-ադրբեջանական տանդեմն ու նրանց հովանավորները։ Այս «աջակիցների» ու հովանավորների կամակատարը դառնալով, Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կապիտուլիացիա:
Փաշինյանը փորձում է հոգեբանական գրոհով՝ ներքին հիբրիդային պատերազմով, ընդդիմադիր հասարակությանը գցել հուսահատության մեջ և հասկացնել, թե, իբր, ընտրողի ձայնը կարևոր չէ, թե որոշողը Ալիևը, Էրդողանը, Կալլասներն ու Վենսերն են։ Սա խաբկանք է։ Եթե ընդդիմադիր ուժերը ճիշտ աշխատեն, համախմբվեն և կազմակերպված գնան ընտրությունների, ապա որոշողը կլինի Հայաստանի քաղաքացին՝ ընտրողը, հայը։ Հայաստանի ընտրողը կարող է Փաշինյանին ցույց տալ կառավարության դռան տեղը, եթե չալարի և գնա քվեարկության։ Այդ ընտրողի հետ պետք է աշխատել և նրան դուրս բերել հուսահատ անտարբերության ճիրաններից, թույլ ու անկարող լինելու զգացողությունից։ Սա Հայաստանի լինելիության խնդիրն է և, մե՛նք պետք է տեր կանգնենք մեր երկրին, ոչ թե հույսներս դնենք դրսի «բարի քեռիների վրա»:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
