Մարզպետը որտեղի՞ց է վերցրել 143 հազար 108 թիվը

2025թ․ նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի բնակչության թվի մասին; Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է 143․108 մարդ» ։ Այդ թիվը խիստ ուռճացած է, ոչ արժանահավատ, քանի որ Տավուշի մարզպետարանի գործունեության սկզբի ժամանակ՝ 1996թ․ փետրվարի 19-ին Տավուշի մարզի բնակչությունը եղել է 132 հազար մարդ, Տավուշից արտերկիր արտագաղթի, Երևան, Հայաստանի այլ վայրեր տեղափոխությունների , բնակչության ցածր ծնելիության, մահվան դեպքերի աճի հետևանքով անցած 30 տարում Տավուշի մարզի բնակչությունը էական չափով նվազել է։ Այդ պատճառով 2025թ․ դեկտեմբերի 1-ին մարզի բնակչության վերաբերյալ նոր հարցում կատարեցի Տավուշի մարզպետին։ Ի պատասխան մարզպետի աշխատակազմից հայտնեցին․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է պետական լիազոր մարմինը, մարզում մշտական առկա և հաշվառված բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին» ։ Բնակչության թվաքանակի հարցով պետական լիազոր մարմինը ՀՀ վիճակագրական կոմիտեն է։ Այդ կոմիտեի տվյալներով 2026թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի մշտական բնակչությունը 118 000 է, 2026թ․ հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա բնակչությունը 103 հազար 600 է։ Տավուշի մարզպետը որտեղի՞ց է վերցրել մարզի բնակչության 143 հազար 108 թիվ:
 Ոսկան Սարգսյան