Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ողբերգությունը վերածվել է «սիրուն պահի»։ Եթե Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքային ճանապարհին Չարենցի «Երկիր Նաիրին» «մոռացվել» էր որպես անցյալի ծանր բեռ, ապա դեպի Աբու Դաբի թռչող ինքնաթիռում Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» գիրքն արդեն կարդացվում է որպես․․․ «հավես ու սիրուն»։
Իսկ դուք երբևէ առնչվե՞լ եք «հավես ու սիրուն» «գաղթի գրականությանը»։
Եթե տիկնոջ գրառումը դիտարկենք Աբու Դաբիում ցուցադրված կրկեսի, Բաքվի դատարանում կատարվածի ու Չարենցի «Երկիր Նաիրիի» համատեքստում, ապա կարելի է առանձնացնել մի քանի սահմռկեցուցիչ, բայց հստակ «ուղերձներ», որոնք տիկինը ջանում է փոխանցել հայ հանրությանը։
Երբ երկրի ճակատագրական պահին «առաջին տիկինը» խոսում է «հավես» ու «սիրուն» գրքի մասին, նա հանրությանը թելադրում է վարքագծի նոր մոդել.
«Արտառոց ոչինչ էլ չի պատահել։ Կյանքը շարունակվում է, մենք կարող ենք թռչել Աբու Դաբի, ողջգուրվել ձեր թշնամու հետ ու հաճույքով գիրք կարդալ»։
Սա փորձ է՝ Արցախի էլիտայի դատավճիռը դարձնել սովորական լուր, որը չպետք է խաթարի «հավես» առօրյան։
Սրանց համար «խաղաղության» միրաժն ավելի կարևոր է, քան Բաքվի բանտերում տանջվող մարմնավորված հայրենիքը։
Նրանք գաղթի մասին կարդում են ինքնաթիռի 1-ին կարգի սրահում՝ համարելով դա «սիրուն պահ»։ Իսկ իրական գաղթականը դեռևս իր ուսերին տանում է Կարսի, Շուշիի ու Ստեփանակերտի փոշին։ Սա է մերօրյա «ուղեղի մորմոքը», երբ ողբերգությունը վերածվում է թռիչքի ընթացքում անցկացվող ժամանցի
Օգտագործելով «գաղթի գրականություն» եզրույթը և այն անվանելով «սիրուն», տիկինը փորձում է Արցախի կորուստն ու հայրենազրկումը տեղափոխել թանգարանային կամ գրքային հարթություն։
«1915-ի ու ղարաբաղյան անցուդարձերը մեր պատմության մի հատվածն են, որ դեռևս ճշգրտման կարիք ուենեն՝ ինչու՞ և ինչպե՞ս տեղի ունեցան արյունալի բախումները և ո՞վ էր մեղավոր։
Ինչևէ, մենք «մեկ շնչով» արդեն կարդացել-ավարտել ենք այդ ամեննը և անցել առաջ։ Կյանքը շարունակվում է։ Առանց Ղարաբաղ մեզ ավելի լավ են կերակրում»։
Նպատակը հստակ է՝ ամեն ինչ դարձնել վերացական պատմություն, որն այլևս չպետք է ցավեցնի կամ պահանջատեր դարձնի։
Սա Չարենցի նկարագրած «կլուբի մեյմունների» բարձրագույն դրսևորումն է։ Նրանք փորձում են ցույց տալ, որ իրենք «վեր են» այդ ամենից, իրենք էսթետներ են, գիրք են կարդում, թռիչքների մեջ են, «պայծառափայլ» դիակների հետ են հանդիպում-համբուրվում։
Սա հոգեբանական գրոհ է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ցավ ունեն ու պահանջատիրություն։ Տիկինը հուշում է նմաններին․
«Ձեր ցավն ու աբսուրդ պահանջները ոչ թե «նորաձև» են, այլ հնաոճ և հակասում են մեր օրակարգին։
Ճիշտը՝ «հավես ու թեթև» ապրելակերպն է»։
«Մոռացե՛ք ձեզ պատած իրական ցավը։
Ողբերգությունն ընդունեք որպես «հավես» պատմություն և մի՛ խանգարեք մեզ վայելելու մեր աբուդաբիներն ու միլիարդները»։
Մենք գործ ունենք սրբապղծության նոր տեսակի հետ՝ «նապաստակի գլուխներ հագածները» փորձում են համոզել՝ «գաղթի գրականությունը» կարող է լինել «սիրուն», կորուստը կարող է լինել «հաճելի», իսկ ինքնաթիռի բարձրությունից երևացող հայրենիքը ընդամենը գունավոր դեկորացիա է՝ հաջորդ սոցցանցային գրառման համար։
Սրանց համար ինքնաթիռի բարձրությունից հայոց հողը ներկած արյունը «սիրուն» կարմիր կետիկ է, իսկ մարդկանց ողբը՝ «մեկ շնչով կարդացվող» պատմություն։
Սրանք այլևս չեն զգում Նաիրիի մորմոքը, սրանց երակներով հոսող արյունը վաղուց ջուր է դարձել՝ թեթև, թափանցիկ ու անհամ։
Հատված Փիրուզա Մելիքսեթյանի հովածից
