Պետության թվայնացման քաղաքականությունը, որքան էլ արդիական ու նպատակահարմար ներկայացվի, գյուղերում հաճախ բոլորովին այլ կերպ է ընկալվում։ Կենսաթոշակները պարտադիր քարտային եղանակով վճարելու որոշումը բազմաթիվ գյուղաբնակ տարեցների համար ոչ թե հարմարություն, այլ հերթական դժվարությունն է դարձել։
Գյուղական շատ համայնքներում չկան ոչ բանկեր, ոչ սոցիալական ծառայություններ, հաճախ՝ նույնիսկ բանկոմատներ։ Կենսաթոշակային քարտ ստանալու համար տարեց մարդը առնվազն երկու անգամ պետք է մեկնի մարզկենտրոն կամ խոշորացված համայնքի կենտրոն։ Սա հատկապես ծանր բեռ է սահմանամերձ և հեռավոր գյուղերի բնակիչների համար։
Օրինակ՝ Տավուշի մարզ-ի ամենահեռավոր գյուղերից մեկի՝ Չինարի-ի տարեցները պարտադրված են առնվազն երկու անգամ հասնել Բերդ՝ իրենց կենսաթոշակային քարտը ստանալու համար։ Գյուղից Բերդ հասնող ավտոբուսը քաղաք է մտնում դեռ աշխատանքային ժամի մեկնարկից առաջ, իսկ վերադառնում՝ ուշ երեկոյան։ Սա նշանակում է, որ հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում տարեց մարդը պետք է ամբողջ օրը անցկացնի դրսում։ Շատերը ստիպված են տաքսիով գնալ-գալ, ինչի համար վճարում են առնվազն 6 հազար դրամ՝ զգալի գումար թոշակառուի համար։
Սակայն դժվարությունները միայն քարտ ստանալով չեն ավարտվում։ Գյուղերում բանկոմատներ չկան, և մարդիկ ստիպված են օգտվել հարևան համայնքների սարքերից։ Այնտեղ էլ հաճախ լսում են. «Մենք բոլորս կստանանք, հետո դուք»։ Շատ դեպքերում, երբ հերթը հասնում է իրենց, բանկոմատում գումարը սպառված է լինում։ Արդյունքում մարդիկ կրկին ստիպված են ճանապարհ ընկնել դեպի շրջկենտրոն։
Գյուղական առևտրի իրականությունն էլ բոլորովին այլ է։ Գյուղացիները հաճախ գնումներ են կատարում միմյանցից՝ բնամթերքով կամ կանխիկ հաշվարկով։ Մեկը ձու է վաճառում, մյուսը՝ կաթ, երրորդը՝ կարտոֆիլ։ Քարտային վճարումը նման պայմաններում գործնականում անհնար է։ Տարեցներն ասում են՝ այդ քսան տոկոս հավելավճարը, որը նախատեսված է քարտային առևտրի դեպքում, իրենց համար դարձել է լրացուցիչ գլխացավանք։
Խնդիրն ունի ոչ միայն սոցիալական, այլ նաև հոգեբանական բնույթ
Մեր արեցների համար կանխիկ գումար ունենալը ոչ միայն հարմարության, այլև արժանապատվության հարց է: Նրանք սիրում են իրենց ձեռքին կանխիկ գումար ունենալ. օրինակ՝ նվեր տալ, հոգեհանգստի կամ ուրախության մասնակցել։ «Եթե թոռս բանակից եկել է, ուզում եմ 5 հազար դրամ տամ ձեռքը, ո՞նց տամ։ Նա հո քարտով վճարելու սարք չունի։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք գնում թաղում, ուրախություն։ Այս ի՞նչ անհարմար վիճակի մեջ դրեցին մեզ։ Կարող է՝ ուզում եմ իմ բերանից կտրել և քարտիս մեջ իմ թաղման փողը հավաքեմ։ Ստիպված պիտի մեկ ամսում ընկնեմ խանութները, քարտիս փողը ծախսեմ, որ մի 10 հազար դրամ տան։ Ամոթ է»,– ասում է արծվաբերդցի տարեցներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։
Թվայնացումը ինքնին կարող է կարևոր և անհրաժեշտ քայլ լինել։ Սակայն այն չի կարող իրականացվել մարդկանց հաշվին։ Մինչ ենթակառուցվածքների ստեղծումը, բանկոմատների տեղադրումը և տարեցների համար հասանելի ու հարմար լուծումների ներդրումը, քարտային պարտադրանքը գյուղաբնակ թոշակառուների համար շարունակում է մնալ ոչ թե առաջընթաց, այլ՝ նոր փորձություն։
Նաիրա Վանյան
Լուսանկարը՝ թումոցի Աննա Ղազարյանի
