Վենսը չի կարող ավելի հայ լինել, քան Հայաստանի ղեկին նստածները

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր լայն արձագանք առաջացրեց։ Պատճառը նրա սոցցանցային էջում կատարված գրառումն էր, որտեղ նախ օգտագործվել էր «ցեղասպանություն» բառը, ապա այն ջնջվել էր։

«Ազատություն» լրատվամիջոցը Վենսի աշխատակազմից պարզաբանում էր ստացել, ըստ որի՝ գրառումը սխալմամբ է տեղադրվել այն աշխատակիցների կողմից, որոնք չեն եղել փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում։ Խոսնակի փոխանցմամբ՝ այդ օգտահաշիվը հիմնականում տարածում է լուսանկարներ և տեսանյութեր, իսկ փոխնախագահի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ ինքնաթիռի մոտ արված նրա մեկնաբանությունից։ Վենսն ասել էր. «Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը շատ սարսափելի բան է»։

Հայաստանյան հասարակության զգալի հատվածի համար «գրել-ջնջել» այս քայլը դարձավ բուռն քննադատության առիթ։ Սակայն հարցը միայն ամերիկացի պաշտոնյայի գրառման մեջ չէ։

Ուշագրավ էր նաև այն, որ փոխնախագահին դեպի հուշահամալիր չուղեկցեց որևէ բարձրաստիճան հայ պաշտոնյա։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սակայն հրապարակված տեսանյութերում նա գրեթե չի երևում։ Տպավորություն էր ստեղծվում, որ այցը կազմակերպվել է նվազագույն ներկայացուցչական մակարդակով։ Մինչդեռ նախկինում նման դեպքերում բարձրակարգ հյուրերին ուղեկցում էին երկրի առաջին դեմքերը՝ նախագահը, վարչապետը կամ Ազգային ժողովի նախագահը։

Այս ֆոնին առավել սուր է հնչում հարցը՝ ի՞նչ քաղաքական ուղերձ է փոխանցում հայկական կողմը։ Երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակային դիսկուրսում կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության մասին ձևակերպումները, խոսում են «պարզելու» անհրաժեշտությունից կամ խուսափում հստակ քաղաքական շեշտադրումներից, միջազգային գործընկերները նույնպես սկսում են զգուշավոր ձևակերպումներ ընտրել։ Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյան ասում է՝ պետք է ունենանք մեկուկես միլիոն զոհերի անունները, որ համոզվենք՝ ցեղասպանություն եղել է, թե ոչ: Մեկ ուրիշն ասում է՝ պետք է հասկանանք, էդ ոնց է եղել, ով ում է ցեղասպանել:

 ՀՀ այսօրվա իշխանությունը միացել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու քարոզարշավին, հարկ չի համարում ամերիակացի բարձրաստիճան հյուրին ուղեկցել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պետության վարքագիծը ազդակ է արտաքին աշխարհին։ Եթե սեփական իշխանությունը հարցին վերաբերվում է կիսատ, անորոշ կամ երկրորդական տրամաբանությամբ, դժվար է ակնկալել, որ օտարերկրյա պաշտոնյաներն ավելի հստակ ու սկզբունքային կլինեն։

Ուստի, զարմանալ կամ զայրանալ Վենսի քայլից թերևս անիմաստ է։ Միջազգային քաղաքականությունն առաջնորդվում է շահերով և ազդակներով։ Եթե Հայաստանը չի պահպանում իր պատմական հիշողության հարցում բարձր քաղաքական նշաձողը, ապա այդ նշաձողը չեն պահի նաև ուրիշները։

Վենսը կարող էր գրել կամ չգրել, հիշատակել կամ շրջանցել բառը։ Սակայն նա չի կարող ավելի հայ լինել, քան Հայաստանի ղեկին նստածները։

Հ/Գ

 Իհարկե, Վենսի քայլը աշխարհաքաղաքական մեծ ծրագրի,  գերտերությունների՝ Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի հետևանք է: Իսկ այդ վերաբերմունքը նորից Փաշինյանի վարած արտաքին  քաղաքականության հետևանք է…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ