Հայաստանը նոր պատերազմի շեմի՞ն. գերտերությունների խաղասեղանին դրված հայրենիք

ԱՄՆ փոխնախագահի այցը, միլիարդների խոստումները և հետխորհրդային երկրների վտանգավոր փորձը

Եվ այսպես, տեղի ունեցավ Փաշինյանի սիրած՝ ևս մեկ «աննախադեպ» իրողություն․ գերտերության՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան։

Իհարկե, ողջունելի է ցանկացած երկրի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամական այցը Հայաստան։ Ոչ ոք դեմ չէ որևէ երկրի հետ լավ հարաբերությունների հաստատմանը, հատկապես՝ ԱՄՆ-ի նման գերտերության հետ։ Սակայն, երբ հաշվի ենք առնում, թե ինչ պայմաններում է տեղի ունենում այդ այցը, և արտաքին աշխարհում ինչ ազդեցության մակարդակում է գտնվում Հայաստանը, բնական հարց է առաջանում․ ո՞րն է ԱՄՆ-ի շահը՝ բարեկամանալու սողացող կապիտուլյացիայի ենթարկվող Հայաստանի հետ։

Երկրներ գնող ու ուժով գրավող Թրամփի շահն այստեղ ո՞րն է։ Եվ վերջապես՝ ի՞նչ է շահելու այս այցից Հայաստանը։

Ակնհայտ է, որ Վենսին չեն մտահոգում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, խոսքի ազատության սահմանափակումները, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները, քաղբանտարկյալների առկայությունը, ինչպես նաև հայ գերիների հարցը Բաքվի բանտերում։ Փոխարենը՝ Վենսը մտահոգություն հայտնեց մեր հարևան Իրանում «քաղբանտարկյալների» թեմայով և փոխանցեց ԱՄՆ նախագահի պահանջը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ։

Այն փաստը, որ Վենսի խոսքը՝ միլիարդավոր դոլարների «ներդրումների» մասին, հասարակությանը փոխանցվեց թարգմանչական սխալով կամ ակնհայտ մանիպուլյացիայով, ևս մեկ անգամ խոսում է այս իշխանության ստախոս կերպարի մասին։ Դե ինչ, այսքան սուտ է ասվել՝ մի սուտ ավելի, մի սուտ պակաս, ի՞նչ է փոխվում։

Խնդիրն այն է, որ մեր երկրի ղեկավարը բառացիորեն ոգևորվում է, երբ լսում է «միլիոններ», «միլիարդներ», «դոլարներ» բառերը։ Թե Վենսը ինչ ենթատեքստով է խոսել այդ միլիարդների մասին՝ երկրորդական է։ Փաշինյանը պարզապես ստացավ հերթական նախընտրական քարոզչական թեման․
«ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների ներդրումներ եմ բերել, աշխատատեղեր եմ բացելու, էդ “թայիշի-մայիշը” մի կողմ դրեք, ես ձեզ ամերիկյան դոլարներ եմ բերելու՝ ամերիկյան աշխատատեղերով»։

Ինչ էլ լինի, Վենսի թիմը, հավանաբար, ինչ-որ գումար կտրամադրի Հայաստանին՝ գեղեցիկ ձևակերպումներով ու ծրագրերով փաթեթավորված, սակայն իրականում՝ որպես Փաշինյանի նախընտրական ծախսերի համար նախատեսված միջոցներ։ Իսկ Փաշինյանը փող ծախսելու ձևը լավ գիտի. հո թոշակառու չէ, որ չիմանա՝ 10 հազար դրամը որտեղ ու ինչպես ծախսել։

Եթե նայենք ավելի խորքային, ապա Վենսի այցը իրականում կապված է մեր հարևան Իրանի հետ և Հայաստանի՝ Իրանի դեմ հնարավոր պատերազմի, կամ առնվազն հետախուզական հարթակի վերածելու ծրագրերի հետ։ Հայաստանին տրամադրվող հետախուզական դրոնները դրա վկայությունն են։ Չէ՞ որ Ադրբեջանի հետ «խաղաղվել ենք», Թուրքիայի հետ էլ, ըստ իշխանությունների, խնդիր չունենք։ Այդ դեպքում՝ ումի՞ց ենք հետախուզում անում։

Հիշեցնենք՝ ինչ է տեղի ունեցել հետխորհրդային երկրներում, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախ այցելել այդ երկրներ։

Նախապատերազմյան Ուկրաինան նույնպես ոգևորված էր եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաների անընդհատ այցերով։ Խոստանում էին Ղրիմի անհապաղ վերադարձ, խոստանում էին ԵՄ անդամակցություն։ Զելենսկին երջանիկ էր այնպես, ինչպես երեկ Փաշինյանն էր երջանիկ։ Այսօր Ուկրաինան պատերազմից արյունաշաղախված է, տարածքով փոքրացած, և ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում նրան ընդունել իրենց շարքերը։

2005 թվականի մայիսին Վրաստան առաջին անգամ այցելեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։ Միխայիլ Սահակաշվիլին երջանկությունից իրեն կորցրել էր։ Այդ այցից երեք տարի անց՝ 2008 թվականի օգոստոսին, սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածք համարող Աբխազիան և Հարավային Օսեթիան։
Այսօր Վրաստանի ամերիկասեր նախագահ Սահակաշվիլին գտնվում է բանտում։

Մի խոսքով, երբ ամերիկացիների ոտքը մտնում է հետխորհրդային երկրներ, շատ հաճախ դրա հետևից գալիս են պատերազմներ։

Նաիրա Վանյան