Ալիևի հերթական պահանջը․ Փաշինյանը կարտահանձնի՞ Հայաստանի նախկին նախագահներին

Փաշինյանի զարկած թմբուկների ներքո Բաքվում ավարտվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների դեմ շինծու մեղադրանքներով կեղծ դատավարությունը։ Հայատյաց Ադրբեջանից այլ բան սպասելի էլ չէր, հատկապես որ ՀՀ փաշինյանական իշխանությունը պետական մակարդակով, առհասարակ, որևէ կերպ չէր պայքարում իր հայրենակիցների ազատության ու վերադարձի համար։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության հարցում ակնհայտ էր Ալիև–Փաշինյան ներքին համաձայնությունը։

Ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, տարիքով պայմանավորված, դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, իսկ մյուս հայ գերիները՝ 15–19 տարվա։

Եթե մինչ այս դատավարություններից մեզ հասնում էին գոնե լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցից պարզ էր դառնում, որ մեր հայրենակիցները ողջ են, ապա այս դատավճռից հետո ամեն ինչ մնում է անորոշության մեջ…

Սակայն, Ադրբեջանի ախորժակը շարունակում է բացվել։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը Հայաստանի իշխանություններին ներկայացրել է մի երկար ցանկ, որտեղ ընդգրկված են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ակտիվ մասնակիցների, ինչպես նաև 90-ականներին սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը մասնակցած տղամարդկանց անուններ։ Իսկ Հայաստանում գրեթե չկա ընտանիք, որը չունենա ինքնապաշտպանության կամ Արցախի ազատագրմանը մասնակցած տղամարդ։

Այդ երկար ցանկին անցնելուց առաջ Ադրբեջանն արդեն հնչեցնում է երկու կարևոր անուն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի։

Ադրբեջանցի իշխանական քարոզիչ, քաղաքագետ Նուրանին մասնավորապես գրում է․
«…Ադրբեջանը ստիպված էր ինքնուրույն լուծել ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։ Ճիշտ այնպես, ինչպես մեր երկիրը անկախ իրականացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Ղարաբաղին» վերաբերող չորս բանաձևերը, որոնք քառորդ դար մնացել էին թղթի վրա։ Սա պահանջեց հսկայական աշխատանք, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների կողմից, գլխավոր դատախազության կողմից և պաշտպանների մասնակցությամբ, որոնք ապահովեցին, որ մեղադրյալների իրավունքները լիովին պաշտպանված լինեն։ Սակայն շարունակվում էին փորձերը՝ մեղադրյալներին ներկայացնելու որպես «անմեղ զոհեր» և պահանջելու նրանց ազատ արձակել մինչև դատավարությունը։ Դատավարությունն անհերքելիորեն ապացուցեց, որ նրանք հրամաններ են ստացել Երևանից։ Վերջապես, Հայաստանում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք 1992 թվականից ի վեր Խոջալուի ցեղասպանության գործով մեղադրյալներ են։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղություն, ապա պետք է որոշի այդ անձանց արտահանձնել Ադրբեջանին, ինչպես Սերբիայի իշխանությունները մի ժամանակ արտահանձնեցին Սլոբոդան Միլոշևիչին։ Եթե Երևանը քաղաքական կամք չունի, ապա Ադրբեջանն ունի այլ միջոցներ ու լծակներ՝ հիմնականում միջազգային օրդերների տեսքով։ Միջազգային պրակտիկան այս ոլորտում բազմաթիվ հետաքրքիր նախադեպեր ունի»։

Այս հայտարարությունը կարելի է համարել պաշտոնական Բաքվի հերթական պահանջը Փաշինյանին։ Արդեն փաստ է, որ Փաշինյանը անվերապահորեն կատարում է Ալիևի գրեթե բոլոր պահանջները՝ դրանք հիմնավորելով ամենաանհեթեթ մեկնաբանություններով։ Չի բացառվում, որ երկու նախկին նախագահներին նույնպես ուղարկի Բաքու՝ այնտեղ ցմահ ազատազրկված մեր հայրենակիցների մոտ՝ հիմնավորելով, թե դա արվում է հանուն «խաղաղության», որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, որպեսզի նոր զոհեր չունենանք։

Այդ քայլով Փաշինյանը և՛ կազատվի ընդդիմության առաջնորդներից, և՛ կգոհացնի Ալիևին։ Կգնա՞ նա այդ վերջին քայլին…

Նաիրա Վանյան