ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկարաշունչ հայտարարություն է տարածել։
«Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ընդգծել է, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակության տարբեր խմբերին թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և դառնում քաղաքական բանավեճի անբաժանելի մաս։ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ այդ երևույթն անընդունելի է և պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։
Հայաստանյան հանրային խոսույթում առավել լայն տարածում են ստացել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները, էթնիկ պատկանելության հիմքով խտրական և ատելության խոսքը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների նկատմամբ տարածվող խտրական խոսույթը։
Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա են դարձել կանանց պիտակավորող, սեռով պայմանավորված նախապաշարմունքներ պարունակող և փաստացի կանանց արժանապատվությունը նվաստացնող ձևակերպումները։ Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները, ցավոք, խորապես արմատավորված են հասարակության մեջ և առկա են հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խոսքի նման ցանկացած դրսևորում և դրա հիման վրա ձևավորվող անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն դիտարկվում որպես խնդրահարույց և չեն արժանանում անհրաժեշտ հակազդեցության։
Նույնքան անընդունելի է քաղաքական բանավեճի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիրախավորումը, պիտակավորումը և նրանց նկատմամբ խտրական խոսույթի տարածումը։ Մարդու իրավունքների պաշտպանը անթույլատրելի է համարում նաև կոնկրետ քաղաքական դերակատարների և հանրային գործիչների կողմից լայնորեն տարածվող՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը, պիտակավորող և խտրական ձևակերպումները (օրինակ՝ «թուրք», «եզդի» և նմանատիպ բառերի օգտագործումը որպես վիրավորանք)։
Շարունակում են արձանագրվել նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների թիրախավորման դեպքեր, ինչպես նաև նրանց նկատմամբ խտրական և ատելության խոսքի դրսևորումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը անթույլատրելի է համարում հրապարակային խոսքի նման դրսևորումները և ընդգծում է, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, սակայն դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների չափանիշների և կրոնական ազատությունների երաշխիքների ոտնահարման միջոցով։
Կրոնական ազատություններին վերաբերող երաշխիքների անշեղ պահպանման, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի կարևորության մասին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել դեռ ամիսներ առաջ։ Պաշտպանը վերահաստատում է այդ հայտարարությամբ ներկայացված դիրքորոշումները և ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապահ և այլ իրավասու մարմինները պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն, հարգել անձանց կրոնական համոզմունքները և գործընթացներն իրականացնել այնպիսի տրամաբանությամբ ու հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն տպավորություն չձևավորվի, թե քրեաիրավական գործընթացներն իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։
Այս փուլում հանրային հնչեղություն ունեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ մի քանի քրեաիրավական գործընթացներ։ Գործերից մեկի շրջանակում հանրային բանավեճի առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք խնդիրը հնարավոր էր քննարկել բացառապես իրավական գործընթացների համատեքստում՝ հաշվի առնելով եկեղեցու ինքնավարությունը։ Ի գիտություն ընդունելով դատական ակտի առկայությունը և որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բավարար չի համարում տվյալ հարցով իրավասու մարմինների հանրային հաղորդակցությունը և շեշտում է, որ նման զգայուն ու իրավական խոր քննարկում պահանջող հարցերի դեպքում անհրաժեշտ է վարել շարունակական, ամբողջական և միջազգային չափանիշներին համապատասխան հաղորդակցություն՝ ներկայացնելով իրավասու մարմինների գործողությունների իրավաչափության հիմքերը՝ անհրաժեշտ զգայունության պահպանմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են նաև ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների ապահովման հարցերը։ Ազատությունից զրկման վայրերում այդ իրավունքի երաշխավորմանն առնչվող մի շարք խնդիրներ ՄԻՊ հաստատության և իրավասու մարմինների համագործակցության արդյունքում ընթացքի մեջ ստացել են լուծում։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների ապահովումը ունի բազմաթիվ առանձնահատկություններ, ուստի պահանջում է համակարգային մոտեցում և հայեցակարգային լուծումներ։
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական և հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները, մասնագիտական համայնքները պետք է ակտիվ դերակատարում ունենան ինչպես արգելված խոսքի բացառման, այնպես էլ նման խոսքին հակազդելու գործընթացում՝ որպես ուղենիշ ունենալով բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդումը, խտրականության բացառումը, հանրային համերաշխության և առողջ հանրային դիսկուրսի ձևավորումը։
Այս առումով Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող և թիրախավորող խոսքի տեսակներ օգտագործվում են գրեթե բոլոր դերակատարների կողմից, իսկ նման խոսքին հակազդեցությունը հաճախ իրականացվում է նույնատիպ պիտակավորող ու խտրական ձևակերպումներով, ինչը չի կարող ունենալ որևէ արդարացում և պետք է արժանանա համարժեք հակազդեցության։
Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր դերակատարներին՝ քաղաքական կամ այլ հանրային քննարկումներ իրականացնելիս բացառել անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հիմքով խտրական կամ ատելության խոսույթ և հանրային դիսկուրսն ու իրավական գործընթացներն իրականացնել մարդու իրավունքների չափանիշների անշեղ պահպանմամբ»։
Կարդալով այս հայտարարությունը՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այն ուղղված է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ական իշխանությանը՝ ազնիվ մղումներով կարգի հրավիրելու նպատակով։ Չէ՞ որ հենց նրանք են հատել քաղաքակրթական բոլոր սահմանները և ամեն օր ոտնահարում մարդկանց իրավունքները․ անձնական նախաձեռնությամբ լցնում են ԱԱԾ-ի ենթահարկերը, «թաթիկներ են կտրում», մուրճ են թափահարում, քաղաքացիներին կոչ են անում վրեժ լուծել, քաղաքական հալածանքների են ենթարկում ՀԱԵ հոգևորականներին, թքում են քաղաքացու երեսին, սպառնում ականջներ են կտրել։
Կալանավորված քաղհալածյալները ենթարկվում են կտտանքների, նրանցից շատերը ունեն բժշկական օգնության կարիք, սակայն չեն ստանում այն։ Կալանավորված անձանց «սիստեմաները» անջատում են, ապա կրկին տեղափոխում բանտ։ Վարդան Ղուկասյանին չեն թույլ տալիս ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն, Միքայել Սրբազանը երկար ժամանակ զրկված է եղել հաղորդություն ստանալու հնարավորությունից։ Դատարանները ծանրաբեռնված են շինծու գործերով։ Փաշինյանի ընդդիմախոսների մեծ մասը կամ գտնվում է բանտում, կամ տնային կալանքի տակ՝ ոտքերին էլեկտրոնային հսկողության օղակով։ Եկեղեցուն աջակցելու մասին մեկ նախադասություն հնչեցնելու համար բարերարներին ամիսներով պահում են բանտում։ Իմպիչմենթի թեկնածուին շինծու գործով կալանավորում են։ Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Մի խոսքով, երբ խոսում են Փաշինյանն ու ՔՊ-ն, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կողքից լուռ արտասվում են։
Իրականում՝ ո՞ւմ է ուղղված Անահիտ Մանասյանի այս երկարաշունչ հայտարարությունը։ Գրվել է այն իշխանությա՞նը կարգի հրավիրելու համար, թե՞ հերթական մահակն է դրվում իշխանության ձեռքին՝ ընդդիմադիրներին և հոգևորականներին ճնշելու ու բանտարկելու նպատակով։
Հ.Գ. Ակնհայտ է, որ այս հայտարարությունը ևս մեկ գործիք է իշխանության ձեռքին և մահակ՝ ընդդիմության գլխին՝ սահմանափակելու ազատ խոսքը և լռեցնելու ընդդիմությանը։
