2026-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՄԱՆ ՉԵՆ ԼԻՆԻ 2021-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Քաղաքական ուժերն արդեն դիրքավորվում  են նախընտրական գործընթացների մեջ: Թեև, շատերս մտահոգվում ենք, որ մինչև հունիս դեռ ժամանակ կա եւ, այդ ժամանակում Փաշինյանն ու իր թիմը կարող են անդառնալի վնասներ հասցնել երկրին՝ դիվանագիտական ոլորտում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք բերվող պայմանավորվածություններում, երկրի տնտեսական ոլորտում՝ բառացիորեն թալանելով ու մսխելով երկրի պետական բյուջեն: Սակայն, նրանից ազատվելու իրագործելի տարբերակը այս պահին մնում են գալիէ ընտրությունները:

Ոմանք, մասնավորապես ՀՀԿ-ամերձ շրջանակները, ի թիվս այլ «մեղքերի», ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են 2021-ին «չկռելու» մեղքի մեջ. Հիշեցնենք, որ նախագահը քարոզարշավի ընթացքում վստահեցնում էր, որ «կրելու» է: Իսկ դա բնական է. քաղաքական պայքարի մեջ մտած ցանկացած ուժ գալիս է հաղթելու հույսով ու խոստումով:  Թեև «կրել» չհաջողվեց, սակայն, նախագահի գլխավորած դաշինքը դարձավ ամենաշատ քվե ստացած երկրորդ ուժը:

Ի դեպ, քննադատող ուժը 2021-ին նույնպես մասնակցեց ընտրություններին:

Վերոնշյալ շրջանակները այժմ նույնպես համոզված են, որ այս ընտրություններում ՔՊ-ն նորից հաղթելու է: Իհարկե, դժվար է կանխատեսել, թե Փաշինյանի գլխում ինչ «նորամուծություններ» կարող են  ծնվել, ինչ հերթական բռնությունների կգնա՝ ընդդիմադիրներին չեզոքացնելու, բանտելու, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու եւ միայնակ՝ իր գրպանային կուսակցությունների հետ ընտւթյունների գնալու համար: Նա  բռնաճնշումների առումով այլևս հատել է բոլոր կարմիր գծերը և գնում է «վա բանկ»:

Սակայն, հասարակության տրամադրվածության առումով 2021-ի եւ 2026-ի միջև կա հսկայական տարբերություն. Այսօրվա հասարակությանը չենք կարող համեմատել 2021-ի հասարակության հետ.

2021-ին դեռ 44-օրյա պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ դեռեւս ցավի  ու սգի մեջ էին: Իսկ այդ հոգեվիճակում շատերի համար միևնույնն էր, թե ով կլինի երկրի ղեկավարը: Անգամ, ընդդիմադիրներին մեղադրում էին սգի մեջ «աթոռակռիվ» տալու համար՝ չգիտակցելով, որ Փաշինյանի մնալը շարունակվող պարությունների շարան է լինելու:2021-ին շատ ընտրողներ չմասնակցեցին քվեարկությանը: Շատերը դեռեւս հավատում էին, թե Նիկոլը մեղավոր չէ.«նախկիններն են Արցախը ծախե, մեղքը գցում են խեղճ հարիֆի գրպանը»: Իսկ Փաշինյանը 2021-ին խոստանում էր ետ բերել Շուշին, գերիներին, Արցախի դիրքերն ամրապնդել, ու էլի լիքը սիրուն-սիրուն խոստումներ մանիպուլիացիաներով հրամցնում էր հասարակությանը:

2021-ի ընտրություններից հետո շատ բան է փոխվել. հասարակության գիտակից մասն այլևս համոզվեց, որ Փաշինյանն իրենց խաբել է, ու, ոչ միայն խաբել է, այլև ձախողել է բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, դիվանագիտություն, կրթություն, ազգային անվտանգություն, պաշտպանություն, սոցիալական ոլորտ: Իսկ Երևան քաղաքի բնակիչներնը տեսնում են, թե բոլոր առումներով ինչ սոդոմ-գոմորի է վերածվել իրենց ծաղկուն, սիրուն Երևանը:

Համառոտ ամփոփենք, թե ինչ արեց Փաշինյանն այս տարիներին՝ 2021-ից հետո.

-2021-ին հանձնեց Գորիս –Կապան ճանապարհը:

-2021-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա և գրավեց Գեղարքունիքի,Ջերմուկի և Սյունքի ռազմավարական դիրքեր:

-2023-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Դրանից հետո ցեղասպանության սպառնալիքի տակ Արցախը հայաթափվեց, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ չի միջամտելու դրան:

— 2024-ի հանձնեց Տավուշի՝ ռազմավարական նշանակության տարածքներ՝ սահմանազատման անվան տակ:

-2025-ին հանձնեց Սյունիքի միջանցքը:

-Ալիևին տվել է նաև այլ խոստումներ՝ սահմանադրության փոփոխության հետ: Հայտարարում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ: Ասել է թե, նոր տարածքներ է նվիրելու Ալիևին:

Այս ամենը արտաքին հարաբերություններում:

Իսկ հիմա թվարկենք ներհայաստանյան կյանքը 2021-ից հետո.

  • Փաշինյանը իր խոստաված սոցիալական որևէ բարեփոխում չիրականացրեց, չբարձրացրեց կենսաթոշակները, պատրաստվումէ կրճատել նպաստառու ընտանիքների թիվը:
  • Մեծացրեց հարկային բեռը, անբարենպաստ պայմաններ ստեղծեց փոքր ու միջին ձեռնարկատերերի գործունեության համար, ինչի արդյունքում շատ փոքր ձեռնարկություններ փակվեցին:
  • Շարքային քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ:
  • Երկրում բարձրանում է ապրանքների գները, բայց մարդկանց եկամուտները՝ ոչ: Ապրելը դարձել է դժվար, սոցալապես անապահով ընտանիքների թիվը ավելանում է:
  • Քաղաքական այս թիմը ցավեցրել է հասարակական ամենատարբեր շերտերին՝ մանկավարժներին, թոշակառուներին, վարորդներին, գործարարարներին, բեռնափոխադրողներին, գյուղացուն: Ցանկը կարելի է երկար շարունակել:
  • Ոտնահարվում է ՀՀ սահմանադրությունը. երկրի ղեկավարը պատերազմ է հայտարարել հայի ինքնության հենասյուներից մեկի՝ հայ Առաքելական Եկեղեցու վրա: Պառակտում է այն եւ հասարակությանը պահում է մշտապես լարվածության մեջ:
  • Խլում է գործարարի մասնավոր սեփականությունը՝ առանց իրավական հիմքերի:
  • Երկիրը դարձրել է բռնապետական երկիր. օր-օրի ավելանում է քաղբանտարկյալների թիվը:
  • Դատաիրավական համակարգը դարձել է մեկ մարդու կամակատար կառույց: Երկիրը դարձել է ոստիկանապետություն, պադավատապետություն:
    Պետական բյուջեն մսխվում է իշխանավորների ցոփ ու շվայտ կյանքի վրա: Աստղաբաշխական գումարների պարգևավճարնեն ստանում իշխանավորները, պատգամավորները:

Այս ցանկը կարելի է երկար լրացնել: Այս ամենը շարքային քաղաքացին տես նում   է ամեն օր եւ այլևս համոզվել  է, որ Փաշինյանն իրեն խաբել է: Ի վերջո, քաղաքացին նաև հոգնել է  այս լարված մթնոլորտում ապրելուց, այս ներքին պատերազմներից, որն ամեն օր տարբեր պատվակներում հրահրում է Փաշինյանը հայրենասեր գործիչների ու տարբեր կառույցների դեմ:

Ընդդիմադիր դաշտը դեռևս կբյուրեղանա: Հավանաբար, կստեղծվեն խոշոր միավորումներ, քանի որ մասնատված ու փոքր ուժերով, փոքր ռեսուրսներով հանդես եկող ընդդիմադիր ուժերը միայն կփոշիացնեն ընդդիմադիր ձայները:

Ակնհայտ է, որ ընդդիմադիր ճակատի առանցքային ուժեր են լինելու Սամվել Կարապետյանի նոր ձեւավորվող շարժումը եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ կլինի դա ՀՅԴ-ի հետ, թե՝ առանց դրա:

«Մեր ձեւովի» համակիրները հիմնականում այն մարդիկ են, ովքեր չեն ուզում նախկինների վերադարձը, դեմ են նաև Փաշինյանին: Կարապետյանը անխոցելի է «նախկին» լինելու մեղադրանքներում: Նրան չեն կարող մեղադրել երկիրը թալանելու, խոսքի ազատությունը սահմանափակելու, վատ ղեկավար լինելու մեջ:

Իսկ ովքեր նախընտրում են «փորձած թանը», կգնան Ռոբերտ Քոչարյանի ետեւից, ով, ինչպես յուրաքանչյուր նախկին կամ ներկա ղեկավար, խոցելի է:  Բոլոր երկրներում էլ, անգամ ամենալավհամբավ  ունեցող ղեկավարները ունենում են քննադատներ: Սակայն, հասարակության մեջ կան շատերը, ովքեր Քոչարյանին համարում են ամենաարդյունավետ ղեկավարած ու դիվանագիտության մեջ  ամենահաջողած ղեկավարը: Երկրորդ նախագահը տեսնում է երկրում ստեղծված ապոկալիպսիկ իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը: Մարդիկ չեն մոռացել, որ մի անգամ նա Հայաստանը դուրս է բերել ավերակներից, քանդված տնտեսության, ցրտի ու սովի ճիրաններից: Վստահ են, որ հիմա էլ  կարող է կասեցնել երկրի գահավիժումը:

Հասարկությունն արդեն զուգահեռներ է անցկացնում այս երկու գործիչների և Փաշինյանի միջև, համեմատում են նրանց կերպարները՝ բարոյական ու պետական գործչի տիրույթներում: Համեմատում են նրանց խոսքի ու գործի համարժեքությունը:

 

Նաիրա Վանյան