ԻՆՉ ՑԱՆԵԼ ԵՍ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁՈՒՄ ԵՍ

Որքան մոտենում են համապետական ընտրությունները, այնքան Փաշինյանը զգայուն է դառնում լրագրողների և  իրեն ուղղված հարցերի նկատմամբ: Վերջին ճեպազրույցն, ակնհայտորեն, խռովել է իշխանականների հոգին: Ապացույցը՝ դրա հաջորդ օրը Հանրային եթերում Պետրոս Ղազարյանի ու իր հյուրի զրույցն էր. «Խոսքի ազատության պաշտպանության»  կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ նստել էին երկրի թիվ մեկ լրատվական տաղավարում ու բողոքում «չլրագրողներից», թե բա՝ տարրական  էթիկայից,  հարգանքից զուրկ լրագրություն է ձևավորվել: Ու մտածում էին, թե ինչ անեն, որ լրագրողները հարգեն տարրական մարդկային նորմերը:

Հիմա հարց. իսկ ինչու՞ լրագրողները դսրձան այսքան «ոչ կոռեկտ», «ոչ պրոֆեսիոնալ»,«ոչ հարգալից»՝ ինչպես բնորոշում էին բանախոսները: Ինչու՞ «նախկինների օրոք» ընդդիմադիր լրագրողները այս աստիճանի անհարմար հարցեր չէին ուղղում երկրի նախագահներին: Միայն չասեք՝ հիմա խոսքի ազատություն է՝ ինչը նախկինում չի եղել. Հայաստանի քաղբանտարկյալները կլսեն…

Ինչու՞ նախկինում որևէ լրագրող նախկին երեք նախագահներից որևէ մեկին չի ասել. մի՛ եկեք մեր քաղաքի եկեղեցի: Ինչու՞ որևէ լրագրող նախկին նախագահների գրքերից պոռնոգարֆիկ հատվածներ հրապարակայնորեն  չի ընթերցել: Ինչու՞ որևէ  լրագրող որևէ նախագահի չի հարցրել, թե՝ ո՞ր օրենքի, ո՞ր կետի համաձայն եք եկեղեցին «բարենորոգում»: Հարցերի պատասխանները շատ պարզ են. նախկին նախագահներից որևէ մեկը եկեղեցին չի պառակտել, շրջիկ կրկեսային պատարագների անվան տակ եկեղեցին լարվածության մեջ չի պահել: Նախկին նախագահներից որևէ մեկի գրքում պոռնոգրաֆիկ տեսարաններ ՝ կեղտոտ բառապաշարով ու փողոցային խոսույթով, չեն եղել: Նախկին նախագահներից ոչ մեկը եկեղեցու վրա չի ասպատակել, հոգևորականների հասցեին անպատասխանատու, վարկաբեկիչ հայտարարություններ չի արել:

Փաշինյանն ինքն է իր հանդեպ ստեղծել այս վերաբերմունքը, ինքն է իջեցրել իր հետ շփվելու կոռեկտության նշաձողը, ինքն է ստեղծել այս մթնոլորտը: Լրագրողներից նեղստում են, թե ինչու վարչապետին լուրջ հարցեր չեն տալիս, նախապես խորքային հարցեր չեն պատրաստում: Նախ՝ լրագրողները տալիս են իրավիճակին համահունչ բավականին լուրջ հարցեր: Երկրորդ. իսկ ինչու՞ նախապես պատրաստեն խորքային հարցեր, երբ Փաշինյանը ոչ մի հարցի լուրջ ու խորքային պատասխան չի տալիս, ազնիվ չի պատասխանում, մանիպուլացնում է, խոսքը պտտում-պտտում է՝ բայց այդպես էլ չի պատասխանում: Նա օրվա մեջ մի քանի հայտարարություն է անում, բոլորն իրար հակասող, առավոտյան հրաժարվում է երեկվա ասածից,  երեկոյան հերքում է առավոտյան ասածը:  Կոռեկտ հարցերը տալիս են կոռեկտ ու պատասխանատու ղեկավարին:

Լրագրողները հասարակության ուղերձներն  են հասցնում Փաշինյանին՝ բավականին խմբագրված, հղկված ու մեղմացրած: Իսկ, թե իրականում ինչ է մտածում հայաստանյան հասարակությունը իր մասին, Փաշինյանը կարող է իմանալ՝ վերընթերցելով Թումանյաի «Թագավորն ու չարչին» ու մի օր հետևել Շահ Աբասի օրինակին՝ ցնցոտիները հագնի ու, առանց թիկնապահների բազմաշետ շարքերի, առանց գերթանկարժեք «պադավատների» ուղեկցության, դուրս գա մարդամեջ՝  ասեղ, ուլունք, մատնիք, մարջան, ապարանջան վաճառելու… Այդ ժամանակ, լսելով իր հասցեին ուղղված անեծքներն ու հայհոյանքները, կհամոզվի, որ լրագորղները հասարակության ուղերձներն իրեն բավականին նրբորեն խմբագրված են հասցնում…

Մի մարդ, ով 2018-ի սոցիալական արդարության խոստումով եկավ իշխանության, թե նախկինների «թալանը» քաբաբ առ քաբար  վերադարձնելու է ժողովրդին, թե թոշակառուներին ապահովելու է արժանապատիվ կյանքով,  քաղաքացուն պետք է ազատի տուգանքի մատերիալ լինելուց, դառնալով ղեկավար, անճանաչելիորեն փոխվեց. հիմա արհամարհանքով է խոսում թոշակառուիների մասին, ովքեր, իր կարծիքով, չունեն այնքան խելք, որ իմանան, թե 10 հազար դրամը որտեղ կարելի է ծախսել: Իսկ իր ձախողած նախարարներն ու փոխնախարարները, ըստ իրեն, գիտեն, թե որտեղ ծախսեն միլոնավոր դրամները: Նա ավելացրեց  քաղաքացուն տուգանելու, ֆինանսապես քերելու առիթները: Հիմա նա աղքատ մարդուն վիրավորում է. աղքատությունը  քո գլխում է: Մի մարդ, ով հարգել չգիտի հայրենքի համար վաստակ ունեցող մարդուն, զինվորականին, մանկավարժին, թոշակառուին, հոգևորականին, Հայրապետին, այսօր հարգանք է պահանջում լրագրողներից: Իսկ ո՞վ է ասում, որ այն ղեկավարը, ով իր հրապարակային խոսույթում օգտագործում է ոչ պարկեշտ բառեր,  հայհոյանքներ, փողոցային բառապաշար, կարող է կոռեկտ հարցադրումներ ակնկալել…

Լրագրողներից դժգոհ եղել են բոլոր ղեկավարները. Սերժ Սարգսյանը «գաղջ» մթնոլոտի համար մեղադրում էր լրագորղներին: Փաշինյանն ու իր իշխանությունը լրագրողներին մեղադրում են ամենատարբեր «մեղքերի» մեջ՝ հիբրիդային պատերազմ մղելու, տրոյական ձի, հինգերորոդ շարասյուն, օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Իսկ իրենց հավատացող սակավաթիվ մարդկանց էլ հավատացնում են, թե լրագրողներն են երկիրը հասցրել այս օրին: Այս մի հարցում ճիշտ  են. «Հայկական Ժամանակի» նախկին խմբագիր, լրագրող Նիկոլ Փաշինյանն է երկիրը հասցրել այս օրին:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ