ՄԻ ՀԱՐՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆՔ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Փաշինյանին քննադատելու, չսիրելու, չհարգելու հազար ու մի հիմքեր կան: Դրանց մասին որքան էլ գրենք,ՙ թեմաները չեն սպառվում: Այդ պատճառների ցանկը ամեն օր մի քանի տողով ավելանում է, անգամ չենք հասցնում բոլորն արձանագրել:

Բայց, ինչպես ասում են ՝ չկա չարիք, առանց բարիք…Հավանաբար, հիմա  Փաշինյանի ընդդիմախոսները կզարմանան. այդ ի՞նչ բարիքի մասին է խոսքը, երբ թեման Փաշինյանն է: Պարզվում է՝ կա բարիք:

Եկեք ասենք, որ Փաշինյանը բացեց մեր աչքերը՝ մեզ շրջապատող մարդկանց, իրականությունը տեսնելու, իսկապես ճանաչելու հարցում: Տարիներ  ի վեր մենք մեզ գովել, գովաբանել ենք, հետո հավատացել մեր գովասանքին, թե մենք կատարյալ ազգ ենք, ունենք բարձր մշակույթ, մեր մշակույթի գործիչները, մտավորականները  ազգի սերուցքն են, թե մեր զինվորականները բոլորը երդվյալ հայրենասերներ են, մեր հոգևորականները անդավաճան սրբեր են: Այո, մենք մեզնով հպարտանալու առիթներ շատ ունենք: Բայց…

Փաշինյանը հայաստանյան կյանքը եռացրեց մեծ կաթսաների մեջ, որոնցում այրվում ենք շատերս, բայց այդ եռալու ընթացքում մի տեղ փրփուրը՝ քափը դուրս եկավ երես, մի տեղ էլ՝ ազգի սերուցքը…

Մենք մինչ Փաշինյանը չէինք կարող պատկերացնել, թե իրականում ովքեր են մարդիկ, որոնց մենք մեծարում ենք: Երբեք չէինք հավատա, որ  մեր եկեղեցու ներսում հուդաների  բույն է դրված: Եթե չլիներ Փաշինյանը, հազիվ թե հասարակությունն իմանար, թե ով է իր երեխային մկրտող, իր հարսանիքն օրհնող  այս կամ այն սրբազանը, հոգևորականը: Եթե չլիներ Փաշինյանը, մենք չէին ճանաչի մեր մշակութային գործիչներից շատերին, ովքեր ոչ վաղ անցյալում ծնկում էին Ռիտա Սարգսյանի առաջ, այսօր նույն հաջողությամբ՝ Աննա Հակոբյանի կամ Նիկոլ Փաշինյանի առաջ: Պետք լինի՝ վաղն էլ Մեհրիբանի առաջ չծնկեն: Եթե չլիներ Փաշինյանը, մենք չէին հավատա, որ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը կարող է արցախյան պատերազմը ստորադասել 2018-ի գունավոր հեղափոխությանը, որ նա կարող է ձուլվել ու դառնալ մի իշխանության մաս, որը հանձնեց իր ու իր ընկերների ազատագրած Արցախը: Չէինք կարող հավատալ, որ մեր կռված տղաների մեջ կան պատեհապաշտներ, ովքեր երեսուն արծաթի դիմաց ուրանում են իրենց զինակիցների թափած արյունը: Եթե չլիներ Փաշինյանը, մենք չէինք ճանաչի մեր շրջապատի մարդկանց, մեր դրկից հարևաններին, չէինք տեսնի նրանց հոգու դատարկությունն ու անտարբերությունը երկիր կորցնելու վտանգի պահին:

Իհարկե, միայն վատը ջրի երես չհանեց Փաշինյանը: Նրա շնորհիվ մենք խորապես ճանաչեցինք նաև մեր Բագրատ, և Միքայել սրբազաններին, որոնք մեզ հպարտանալու իրավունք են տալիս:  Մենք ճանաչեցինք նաև այն մարդկանց, որոնց ժամանակին քննադատում էինք տարբեր առիթներով: Օրինակ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին  մենք ճանաչեցինք որպես ազգային, հայրենասեր, նվիրյալ հայ:

Մենք ժամանակին տարբեր առիթներով քննադատում էինք նաև Ռոբերտ Քոչարյանին: Փաշինյանը բացեց մեր աչքերը եւ, մենք հասկացանք, որ այն սև քարոզչությունը, որը եղել է նրա նկատմամբ, ուղղորդված է եղել արտաքին ու ներքին տարբեր խաղացողների կողմից: Փաշինյանի «շնորհիվ» հասկացանք, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է ուժեղ, պետականամետ, հմուտ դիվանագետ, պետական գործիչ, որի ղեկավարման տարիները եղել են Հայսսատանի վերականգնման ու զարգացման, անվտանգ տարիներ:

Փաշինյանի շնորհիվ ճանաչեցինք ու հասկացանք նաև ներքաղաքական կյանքի մյուս խաղացողներին: Ճանաչեցինք մեր իսկական բարերարին, ով պատրաստ է զրկանքների միջով անցնել, վտանգել իր հսկայական կապիտալը, բայց աննահանջ շարունակել պայքարը երկրի փրկության համար: Սրան զուգահեռ ճանաչեցինք այլ բարերարի, որ մտնում է քաղաքական կյանք միայն պատեհ առիթներով, բարեգործության անվան տակ ինքնագովազդ անում, բայց, իշխանության մեկ ուժեղ փռշտոցից իջնում է ջրի հատակը…

Այսօր Հայաստանում տեղի է ունենում տեսակների, արժեքային տարբեր համակարգեր կրող մարդկանց պայքար, զատում: Հասարակությունը զտվեց՝ ըստ արժեքային համակարգերի: Ի վերջո՝ մենք մեզ ճանաչեցինք ներսից…Չէ՞ որ Փաշինյանից հետո էլ կյանք կա ու, դրանից հետո մեր բնականոն կյանքը վերականգնելու համար պետք է ճանաչենք մեզ՝ մեր ներսից…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ