ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության  նախագահ,  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը 2018-ից ի վեր Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից ամենալավատեղյակ մարդկանցից մեկն է՝ Սերժ Սարգսյանից, նրա փեսա Միքայել Միասյանից ու Նիկոլ Փաշինյանից հետո: Ինչու՞ հիշեցինք Մինասյանին և ինչու՞ Մինասյանից հետո. հիշեցնենք, որ առաջինը Միքայել Մինասյանը հայտարարեց  5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝  Նիկոլ Փաշինյանին արված առաջարկի մասին։ Նա ներկայացրեց նաև առաջարկը փոխանցելու մանրամասներն ու «տեխնոլոգիան». «Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝  2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին».-հայտարարեց Մինասյանը։

Արթուր Վանեցյանը իր հարցազրույցներում չհերքեց այդ փաստը՝ ասելով.«Իմ և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի ֆունկցիան եղել է հատուկ տեղեկետվությունների փոխանցումը՝ մեր երկրների ղեկավարներն: Փոխականել եմ թղթեր՝ փակ ծրարներով: Բայց, թե ինչ է եղել, ես չեմ կարդացել»: Փաստորեն, ԱԱԾ պաշտոնում Արթուր Վանեցյանը կատարել է ապահով ու հուսալի փոստատարի դեր. թշնամական երկրի հատուկ ծառայություններից ծրարներ է ստացել եւ առանց դրանց բովանդակության մասին տեղեկանալու, փոխանցել է վարչապետ Փաշինյանին: Իսկ մի՞թե ԱԱԾ  ղեկավարի պարտականությունները չէին պարտադրում, կամ, ԱԱԾ-ականի ներքին ձայնը չէր հուշում՝  տեղեկանալ թշնամական երկրից եկող ծրարների բովանդակության մասին: Չէ՞ որ ինքը պետության, ազգային անվտանգության պատասխանատուն էր, և ոչ թե՝ երկրի ղեկավարի «սրբազան» գաղտնիքների ապահով պաշտպանության:  Կարո՞ղ էր Արցախի հետ տեղի ունեցածը կասեցվել, այլ ընթացք ունենալ, եթե Վանեցյանը տեղյակ լիներ ծրարների պարունակության մասին եւ բարձրաձայներ: Մեծ է հավանականությունը, որ՝ այո…

Արթուր Վանեցյանը, լինելով ԱԺ պատգամավոր, երկար ժամանակ հնարավորություն ուներ ԱԺ-ում բացահայտումներ անելու եւ հասարակությանը լսելի դարձնելու այն, ինչը ստիպեց  իրեն՝ Փաշինյանին սթափության և «Կա՛ն առ»-ի կոչով դիմելու: Երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մանիպուլացնում էր հասարակությանը, Արցախի կորստի մեղքը բարդում տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների ու արտաքին դերակատարներևի վրա, Վանեցյանը, ըստ ամենայնի, այն բացառիկ մարդկանցից էր, որ կարող էր փաստերով հակադարձել Փաշինյանին եւ բացահայտեր իրականությունը: Բայց, ցավոք, նա որդեգրել է տվյալներ չհրապարակելու քաղաքականություն: «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու».- տարբեր առիթնեով ասում է նա:

Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Վանեցյանը, մասնավորապես, ասաց.« Տիրադավ եպիսկոպոսները լավ գիտեն, ես էլ գիտեմ, թե նրանք ինչ կոմպրոմատների ներքո են սկսել համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ»: Թե ինչ կոպրոմատներ են դրանք, լրագրողի հարցին ի պատասխան ասաց. «Չեմ ուզում մանրամասնել, ֆինանսական, ինտիմ, անձնական, բոլորն էլ կան, փափեթով: Թող այդ հիշեն, որ Փաշինյանը իր շահերի համար բոլորին օգտագործում է և օգտագործելուց հետո, որպես անպիտան իր շպրտում է: Նույնը լինելու է սրանց հետ. Փաշինյանի օրոք հայտնվելու են աղբանամում»: Նույն հարցազրույցում Վանեցյանն ասում է, որ եթե կոմպրոմատի մասին իմանում է երրորդ կողմը, ապա այն դադարում է կոմպրոմատ լինել:

Այդ դեպքում անհասկանալի է Վանեցյանի լռությունը. ինչու՞ է նա այդ կոմպրոմատները թողնում Փաշինյանի ձեռքին՝ որպես ուժեղ «զենք», երբ կարող է բացահայտել եւ վնասազերծել այդ «զենքը», որը Փաշինյանը թափահարում է սրբազանների գլխին՝ վերջիններիս դարձնելով եկեղեցու տակ դրված պայթուցիկ ռումբ: Չէ՞ որ, եթե այդ կոմպրոմատները բացահայտվեն, կդադարեն կոմպրոմատ լինելուց, իսկ սրբազաններն այլեւս իմաստ չեն տեսնի տիրադավության գնալու,  դավաճանի պիտակին արժանանալու, չեն միանա Փաշինյանի եկեղեցաքանդ արշավին:

Եթե երկիրը գլորվում է անդունդ, եթե կազմաքանդվում են բոլոր կառույցները եւ պետականությունը փլուզման եզրին է, այդ դեպքում ի՞նչ ԱԱԾ-ականի բարոյական և իրավական կանոնների մասին է խոսքը, եթե Վանեցյանին այդ կանոններն են խանգարում խոսել:

Իսկ ասել, թե.«Ես ամեն ինչ գիտեմ, բայց չեմ ասի, թե ինչ գիտեմ»,  նման է այն քայլին, որ դու հրաժարական ես տալիս  ԱԱԾ ղեկավարի պաշտոնից, երկրի ղեկավարին մեղադրում ես տարբեր մեղքերի մեջ, դառնում ես նրա «թունդ» ընդդիմադիրը, բայց շարունակում ես կրել նրա պարգևած գեներալական կոչումն ու ուսադիրները:

Հ/Գ Այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ Վանեցյանը այն բացառիկ պաշտոնյաներից էր, որ ժամանակին արժանապատվորեն կանգ առավ  եւ չշարունակեց կատարել Փաշինյանի պետականակործան ու անձնական կամայականություններին հագուրդ տվող հրահանգները…

Նաիրա Վանյան