ՉԵՆԹԱՐԿՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻՆ

Որքան էլ քննադատենք ու ծաղրենք Փաշինյանին, եկեք ընդունենք, որ մի գործում նա մեծ վարպետ է. նա կարողանում է մեզ ամեն օր օրակարգ թելադրել:

Բավական է՝ առավոտյան մտնի սոցցանց՝ իր անհեթեթ գրառումներով, սրտիկներով, բազմանշանակ ժեսերով, «ռետրո» գրխարկներով, բոլորս՝  լրագրողներ, քաղաքական- հասարակական  գործիչներ,  շարքային քաղաքացիներ, անցնում ենք գործի…Ու սկսում ենք վերլուծել, քննադատել, ծաղրել, ենթադրություններ ու կանխատեսումներ անել, թե նա ինչ էր ուզում ասել այս կամ այն ժեստով, ատրիբուտներով, երաժշտությամբ: Անկախ այն բանից, դա անում ենք դրական, թե բացասական լույսի ներքո, մենք նրան դարձնում ենք օրվա թոփ թեման, քննարկում ենք ու քննարկում: Իսկ ինքն այդ քննարկումներից նոր էներգիա է ստանում: Փաշինյանի համար կարևոր է, որ ինքը լինի ուշադրության կենտրոնում, որ ինքը որոշի, թե այդ օրը ինչ ենք քննարկելու: Դրա համար նա պատրաստ է հանդես գալ ամենածիծաղելի հանդերձանքով, կերպարով, հագուստով, հարբած-պառկած՝ գինու շիշը կողքին, տարօրինակ հանդերձանքով՝ մարմնի «բարեմասնությունները» ցուցադրելով,  անգամ, առանց հագուստի… Նա պատրաստ է գլուխկոնծի տալ, «շպագատ» նստել, երգել, պարել, միայն թե լինի ուշադրության կենտրոնում, իրենից խոսեն… Դա նրա հոգեբանական ռեսուրսի աղբյուրն է:

Բացի այդ, նրա համար ավելի լավ է ինքը լինին ծիծաղելի դերում ու քննարկվի, քան՝ հասարակությունը ամբողջ օրը քննարկի լուրջ ու ավելի կարևոր ու վտանգավոր հարցեր, ասենք՝  ճի՞շտ է,  որ մեր դիրքապահները ՀՀ որոշ տեղերում գնում են ծառայության՝  ադրբեջանցիների  անցակետում ստուգումների ենթարկվելով ու նվաստացվելով: Ավելի  լավ է իրեն քննրակենք, քան՝ առանց հանրաքվեի, սահմանազատման անվան տակ  զիջումներից խոսենք: Ավելի լավ է իրեն քննարկենք, քան իրենց թիմի անդամների կայծակնային հարստացման աղբյուրները փորձենք բացահայտել, քան խոսենք, թե ոնց ենք գնում սողացող կապիտուլիացիայի: Իսկ մենք, մեր ժամանակը ծախսելով նրան քննարկելու կամ ծաղրելու վրա, ժամանակ չենք ունենում ավելի կարևոր հարցերի շուրջ մտորելու, մտածելու նրանից ազատվելու ուղիների մասին:  Ա՛յ, եթե կարողանանք մի քանի օր Փաշինյանին, պարզապես, չտեսնել, չնկատել, չքննարել, նա  կընկնի հոգեբանական ծանր կացության մեջ: Իսկ մենք , գուցե, կկարողանանք ավելի կարևոր ու հրատապ խնդիրների վրա կենտրոնանանք,  արդյունավետ ուղիներ գտնենք…

Եվ մի շատ կարևոր հարց. տպավորություն է, թե հասարակության ընդդիմադիր հատվածը դիրքավորվել է պաշտպանվողական դիրքում. նստած սպասում է, թե ինչ ուղղությամբ է Փաշինյանը հարձակում կատարելու, ում է թիրախավորելու, որպեսզի անցնենք պաշտպանության: Եթե նրա կողմից հարձակում չկա, ապա հանգիստ նստում սպասում ենք, թե նա ինչպես է հանգիստ «զինվում», մտքերը հավաքում, պատրաստվում եւ, մարտական պատրաստվածության գալով, «գրոհ» կազմակերպելում այս կամ այն ուղությամբ: Իսկ օրակարգ թելադրողը միշտ ունենում է առավելություն: Մինչդեռ, ընդդիմությունն ինքը պետք է որոշի երկրի քաղաքական օրակարգը: Պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ ժամանակ ու հնարավորություն չտա իշխանությանը՝ նոր հարձակումների նախապատրաստվելու համար: Հիշենք, թե ինչպես էր օրակարգ թելադրում Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը. բոլորը սպասում էին, թե այդ օրը ում տուն է «հյուր գնալու» Սրբազանը: Անգամ, երկրի ոստիկանապետը ԱԺ չէր գնում, երբ Բագրատ սրաբազանն իրեն հյուր էր գնում: Իսկ հիմա բոլորս նստած սպասում ենք, թե շրջիկ կրկեսը որ եկեղեցին է հյուր գնալու, որ համայնքի պատարագն է  փչացնելու: