ԴԱՎԻԹԸ ՈՐԵՒԷ ՄԵԿԻ ՓԵՇԻ ՏԱԿ ԹԱՔՆՎՈՂ ՏՂԱՄԱՐԴ ՉԷ…

Երկրում ստեղծված քաոսային, ռեպրեսիոն մթնոլորտը գնալով դառնում է անկառավարելի: Շարունակվում են մեկ անձի կամքով պայմանավորված քաղաքական ձերբակալությունները: Ազատ խոսելը, քաղաքական կարծիք հայտնելը  դարձել է հանցանք գործելուն հավասարազոր քայլ:  Այդ մասին արդեն ԵԽ պատգամավորներն են բարձրաձայնում:

Երեկ երեկոյան Մոսկվայից Երեւան ժամանեց Մասիսի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Համաբարձումյանը: Նրան դիմավորելու, իրենց զորակցությունը հայտնելու էին եկել բազմաթիվ մասիսցիներ, մարդիկ հանրապետության տարբեր քաղաքներից, արտերեկրից: Այնտեղ էին նաեւ Համբարձումյանի հարազատները, ընտանիքի անդամները, երեխաները, ովքեր հույս ունեին հայրիկին տեսնելու…

Սակայն, նրան ձերբակալեցին հենց ինքնաթիռի մուտքի մոտ: Ոչ ոք չկարողացավ նրան տեսնել: Անգամ չիմացան, թե որ մուտքից դուրս բերեցին:  Թե՝ որն էր սրա իմաստը, գիտի միայն ձերբակալողներին հրահանգտ տվողը՝ Փաշինյանը: Մարդը իր ոտքով եկել էր, դեռ մի բան էլ ավելին՝ իր գալու օրն ու ժամը հայտնել էր ձերբակալողներին: Հետեւաբար, այդտեղից որեւէ տեղ փախչելու ցանկություն չուներ…

Մինչ Համբարձումյանի աջակիցների գալը հարյուրավոր ոստիկաններ կային թե՛ Զվարթնոց օդանավակայանի տարածքում, թե՛ ճանապարհին: Հետո եկան սեւ բերետավորները: Իսկ հավաքված աջակիցները պարբերաբար վանկարկում էին՝ «Դավի՛թ, Դավի՛թ», ծափահարում:

Արցախցի կանայք բավականին վրդովված էին, ասում էին՝ Նիկոլը մեզ տնից-տեղից զրկեց, հիմա էլ մեր թեւ ու թիկունք քաղաքապետին է մեզանից տանում: Նրանց զայրույթը զսպում էին Համբարձումյանի հարազատները, ընկերները, որպեսզի իրավիճակը չսրվի:

Ակնհայտ էր, որ Համբարձումյանի ընտանիքի անդամները, որքան էլ ծանր հոգեվիճակում էին, իրենց «պինդ» էին պահում, ոչ ոք չէր լացում, գոնե՝ արտաքուստ: Իսկ 13-ամյա աղջիկը լրագրողի հարցմանն ի պատասխան ասաց, որ իր հայրը ուժեղ է, դրա համար նրանից վախենում են:

Իհարկե, տեղին չէ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ու երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին որեւէ առումով համեմատել իրար հետ, բայց մի փոքր զուգահեռներ կարելի է անցկացնել.

2008թ-ի մարտի մեկին Նիկոլ Փաշինյանը գլխավոր գործող անձանցից էր: Կան տեսանյութեր, որտեղ լսվում է, թե նա ինչպես է կոչ անում քարերով, ձողերով զինվել, բարիկադներ կառուցել, ինչպես է հոգին «փառավորվում», երբ իմանում է, որ ցուցարարները ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ են խլում, լսվում է նրա հայտարարությունը, թե «ղարաբաղցիներին» ոնց են դուրս անելու Հայաստանից:  Այս ամենից հետո տեղի է ունենում մարտի մեկի ողբերգությունը՝ զոհեր, արյունահեղություն… Իսկ  Նիկոլ Փաշինյանը փախչում , ճողոպրում է ու թաքնվում «Հրապարակի» ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանի տանը: Այս մասին  արդեն Օհանյանը խոսել է հրապարակավ, խոսել է այն բանից հետո, երբ Փաշինյանը նրան դատի տվեց՝ պահանջելով մեկ միլիոն դրամ: Մեկուսկես տարի  Արմինե Օհանյանը, վտանգելով իրեն ու իր ընտանիքին,  պահում, խնամում է Փաշինյանին: Իսկ հիմա, լուրեր են շրջանառվում, թե  Օհանյանը Փաշինյանի «սեւ» ցուցակում է եւ, ձերբակալության հերթը իրեն էլ կհասնի…

Այնուհետեւ,  Փաշինյանը դուրս եկավ «թաքստոցից» ու դատվեց: Կարճ ժամանակ պատիժ կրելուց հետո «համաներվեց»: «Համաներվեց» այն մարդու կողմից, ով այսօր Դավիթ Համբարձումյանի քաղաքական թիմի ղեկավարն է: Թե ինչու «համաներվեց», դժվար է ասել… Դա, արդեն, այլ թեմա է…

Ինչեւէ , Փաշինյանը իր կողմից հրահրված իրադարձությունների կիզակետում թողեց իրեն հավատացող ու վստահող տաքացած, զայրացած, ադեկվատությունը կորցրած ցուցարարներին ու փախավ, թաքնվեց:

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Համբարձումյանը Մոսկվայից վերադարձավ Հայաստան՝ կալանավորվելու: Այստեղ կարեւոր գործոն է ինքնավստահությունը. վերջինս համոզված է,  որ ինքը որեւէ հանցանք չի գործել, դատավճիռը հիմքեր ու ապացույցներ չունի եւ, մեկ անձի կամքով պայմանավորված վճիռ է: Նա վերադարձավ ոչ թե թաքուն, գողեգող, այլ հրապարակավ հայտնելով իր թռիչքի օրն ու ժամը: Սա, ինչպես ասում են՝ տղամարդավարի քայլ էր: Տղամարդ, որը  անպատասխանատու չէ, «թռնող»-փախչող չէ, որեւէ մեկի թեւի կամ փեշի տակ թաքնվող չէ…

Հավանաբար, Փաշինյանի համար Համբարձումյանի կամավոր վերադարձն ու նման պահվածքը խորթ, անհասկանալի, զարմանալի երևույթներ են…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ