Երեկ կրկին համոզվեցինք, որ Փաշինյանն ինքն է օրակարգ թելադրում հայաստանյան ընդիմադիր հասարակությանը: Հովհաննավանքում տեղի ունեցավ մի հակաեկեղեցական արարողություն, որը համարվում է պղծություն. կարգալույծ եղած նախկին քահանան պատարագ մատուցեց, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը: Ու մենք աբողջ օրը մենք քննարկում էինք այդ արարողությունը:
Իհարկե, սա ունեցավ իր դրական կողմը. Մենք էլ, Փաշինյանն էլ տեսանք եւ ամփոփեցինք իշխանության վարկանիշի իրական ռեսուրսը. ընդամենը մի քանի հարյուր ՔՊ-ական պաշտոնյա՝ եկած Երեւանից ու տարբեր մարզերից, ոստիկանական ու ԱԱԾ տարբեր տրամաչափի ուսադիրավորներ, ովքեր եկել էին ապահովելու Փաշինյանի անխափան «աղոթքն» ու Ստեփանի մատուցած «պատարագը»: Փաշինյանը համոզվեց, որ էլ «հերվա Վարդուշը» չի, որ այլեւս չունի վստահության եւ հեղինակության ռեսուրս: Հովհաննավանքում ամրագրվեց Փաշինյանի պարտությունը: Սակայն, պատերազմում պարտվածն ու Արցախ հանձողը, եթե կարողանում է դա ներկայացնել որպես հաղթանակ ու դարի ձեռքբերում, ապա Հովհաննավանքում կատարված «ֆեյք» պատարագն էլ ներկայացնում է որպես հաջողություն, որպես «հոգեւոր նորոգում»…
Այսօրվա իրականության մեջ տեղի ունեցածը զարմանալի չէր: Եթե Փաշինյանը որոշել է նման ծես կազմակերպել ու մասնակցել, ապա դա կանի: Նույնը կանի Մայր Աթոռում, Վեհարանում, երբ հերթը հասնի դրան: Եթե նա որոշի ասպատակել Վեհարանի վրա եւ գերեվարել Կաթողիկոսին, ապա կանի: Չկասկածե՛ք: 2020թ-ի պատերազմից հետո, եթե նա կորողացավ ցավից խելագարված որդեկորույս ծնողների « արգելապատնեշը» ջարդել, հերոսների ծնողներին գետնին տապալել եւ զոհվածների շիրիմները տրորելով ներխուժել Եռաբլուր, ապա, չկասկածե՛ք, որ Վեհարան էլ կմտնի. զորքով, զենքով, դուռ ու լուսամուտ ջարդելով, դիմադրողներին ծեծելով ու ձերբակալելով կմտնի և իր ուզածը կանի: Կանի, քանի դեռ իշխանության ղեկին է, քանի դեռ իրեն են հլու հնազանդ ենթարկվում ոստիկանությունն ու մյուս կառույցները, քանի դեռ ունի լծակներ:
Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք ոչ թե տեղային «ինքնապաշտպանական» խնդիրներով, թե՝ ինչպես ծաղրենք Ստեփան Ասատրյանին ու նրա մոտ «հաղորդություն» ստանալու եկած ՔՊ-ականներին, այլ պետք է կենտրոնանանք մեր գլխավոր խնդիրների վրա: Ի վերջո, հակազգային ու ազգակործան իշխանություններից ազատվելուց հետո Օհանավանքի պատերը կարելի է լվանալ, մաքրել, վերաօծել: Եթե , անգամ, կաթողիկոսին հիմա կալանավորեն, նրան կարող ենք առքով-փառով վերադարձնել իր տեղը՝ Վեհարան: Այսօրվա մեր խնդիրը պետք է լինի ոչ թե Հովհաննավանքն ու Վեհարանը պաշտպանելը, այլ՝ երկրում իրավիճակ փոխելը, այս իշխանությունից ազատվելը: Պետք է կենտրոնանանք այն մարդկանց ձերբակալությունների վրա, ովքեր այդ փոփոխություններն իրենց ուսերին տանող «քարշակներն» են՝ կալանավորված եւ կալանավորվող ընդդիմադիր քաղաքապետերը, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը, ընդդիմադիր ակտիվսիտները, քրեական գործերով «ձեռքերը կապված» զինվորականները: Եթե իշխանությունը այս արագությամբ շարունակի պայքարող ընդիմադիրների ձերբակալություններն ու կալանավորումները, ապա ազատության մեջ այլեւս մարդ չի մնա, ով կպայքարի այս իշխանության դեմ, դա կլինի ընտրություններով, փողոցային պայքարով, թե իմպիչմենթով: Ու իշխանությունը անարգել կպղծի, կքանդի, կվերացնի ՀՀ պետականությունը…
Հետևաբար, պետք չէ կենտրոնանալ ոչ գլոբալ խնդիրների վրա՝ ժամանակ եւ ռեսուրսներ վատնելով: Դա հենց Փաշինյանի ուզած օրակարգն է՝ մեր ուշադրությունը շեղել ավելի վտանգավոր իրադարձություններից, որոնց մասին, հավանաբար, կլսենք այսօր, վաղը, մյուս օրը……Մենք պետք է կենտրոնանանք մեր առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների ու դրանց գլոբալ լուծման վրա…
