ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆ

Որքան ՀՀ իշխանությունը մեծ քայլերուվ ուզում է մոտենալ Եվրոպային՝ գոնե հայտարարությունների մակարդակով, այնքան Հայաստանը խոշոր քայլերով հեռանում է իրական ժողովրդավարությունից,  երկրում հաստատվում է տոտալ դիկտատուրա: Վրաստանում, երբ իշխանությունը ճնշում է ամեն ինչ ջարդուփշուր անող եվրոպամետ ընդդիմադիրներին, եվրոպաշտոնյաները շատ արագ քննադատում են, «մտահոգիչ» հայտարարություներ անում, թե՝ նման գործելաոճը  դեմ է ժողովրդավարության արժեքներին: Պատճառն այն է, որ Վրաստանում ընդդիմությունը «եվրոպացիներինն» է. վերջիններս  գալիս են Վրաստան, գոտեպնդում ու  ցուցումներ տալիս ընդդիմադիրներին՝ թե ոնց  կարելի է երկրում անկարգություններ անել, ջարդել, փշրել, այրել: Սա եվրոպաշտոնյաները համարում են ազատ խոսքի դրսեւորում:

Հայաստանում դերերն ու տեղերը փոխված են. այստեղ եվրոպացիների «մարդը» երկրի ղեկավարն է. Նիկոլ Փաշինյանին  եվրոպաշտոնյաները «սիրալիր» ընդունում են, գլուխը շոյում, գովում, թե՝ ժողովրդավար ես, լավ ես,  սիրուն ես… և ուղարկում են հայասատնյան ընդդիմադիր հասարակությանը «մշակելու»…Եվրոպան Փաշինյանի առաջ կանաչ լույս է վառել. ինչ ուզում ես արա՝ հայերին, ՀՀ քաղաքացիներին  ծեծիր, ջարդիր, բանտարկիր, կալանավորիր,  միայն թե Ռուսաստանին այդ տարածաշրջանից դուրս հանիր:  Փաշինյան Նիկոլն էլ, թեւերի տակ բարձեր դրած, գալիս է ու ինչ ուզում է անում է՝ անունը դնում ինքնիշխանություն, կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարություն…ֆլան…ֆստան…

Ամեն օր, երբ առավոտյան Փաշինյանը, չգիտես ում,  ֆեյսբուքում սրտիկներով բարի լույս է մաղթում,  հասարակությունը շունչը պահած սպասում է, թե այսօր ինչ աղմկոտ ձերբակալություն է իրականացնելու, ինչ «հուլիվուդյան ֆիլմ» է բեմադրելու եւ որտեղ ու ինչ քաոս է ստեղծելու: Հայաստանյան հասարակությունը ամենօրյա քաոսից ու սթրեսներից դուրս չի գալիս:

Այստեղ արդեն ազատ խոսք ասելը, Փաշինյանին քննադատելը, ընդիմադիր լինելը հավասարազոր է հանցագործ դառնալուն. համապատասխան մարմիններն անցնում են գործի ու շատ արագ մի գործ սարքում այդ մարդու վրա: Այսօր Հայաստանում կան մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց մեջ նաեւ՝ հոգեւորականներ, մի քանի հարյուր ընդդիմադիրների գլխին էլ կախված են քրեական գործեր:

Իհարկե, ողջունելի է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները արցախցիների իրավունքների հետ կապված հարցեր են տալիս Կայա Կալլաին: Այդ գործում, ինչպես միշտ, իրենց  մեծ ներդրումն ունեն Եվրոպայի հայկական կազմակարպությունները, Հայ Դատ Եվրոպայի կառույցի նախկին ղեկավար Գասպար Կարամպետյանը եււ այլոք:  Բայց, այսօր Հայաստանում այնպիսի վիճակ է, որ իրավունքների պաշտպանության կարիք առաջին հերթին ունեն հենց Հայաստանի քաղաքացիները: Այս մարդիկ առաջին հերթին պաշտպանվելու կարիք ունեն հենց Փաշինյանից, որը ոչ միայն դարձել է միապետ-բռնապետ, այլեւ կազմաքանդում է բոլոր պետական ինստիստուտները, ամբողջ պետական համակարգը ծառայեցնում է իր անձնական շահերին ու օրվա քմահաճույքներին, իր քայլերով ու որոշումներով խախտում է ՀՀ Սահմանադրությունը:
Այսօր սփյուռքյան կառույցները կարեւոր անելիք ունեն՝ խնդրելու, պահանջելու իրենց երկրների ղեկավարներից՝ զսպել իրենց բերած, շահած ու պահած Փաշինյանին: Սփյուռքը պետք է աշխատի այնպես, ինչպես աշխատում էր 44-օրյա պատերազմի օրերին՝ աշխարհով մեկ օգնություն խնդրելով՝ արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից փրկելու համար: Այսօր կարիք կա հայաստանյան հասարակությանը փրկելու Փաշինյանի իշխանության ռեպրեսիաներից ու հարձակումներից: Սփյուռքյան կառույցները պետք է աշխատեն եվրոպական, ամերիկյան տարբեր ինստիտուտների հետ, հնարավորության սահմաններում ազդեն դեսպանությունների, դիվանագիտական կառույցների վրա:

Հայաստանյան հասարակությունն արդեն խորը հիասթափությունների մեջ է  թե՛ եվրոպայից, թե՛ եվրոպական կեղծ ժողովրդավարությունից, թե՛ կեղծ ժպիտներից ու կողմնակալ «մտահոգիչ» հայտարարություններից