Ինչպես արդեն գրել էինք, հոկտեմբերի 17-ի առավոտյան Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու իր որդին ձերբակալվել են՝ փողերի լվացման մեղադրանքով: Փակ դատական նիստից հետո դատարանը նրան ենթարկեց տնային կալանքի: Իսկ որդին ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ: Հիշեցնենք, որ իշխանությունը սկսեց Վարուժան Ներսիսյանով «զբաղվել» այն բանից հետո, երբ նա մամուլում հարցարզույց տվեց եւ անընդունելի համարեց Տավուշի տարածաշրջանում նման սահմանազատումը: 2024թ-ի մայիսի 9-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Վարուժան Ներսիսյանը մասնավորապես ասել էր.«Սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամը չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչու են սառեցրել սահմանազատումը, որքան ժամանակով, մինչեւ երբ: Ինչո՞ւ մինչեւ 11 սյուն տեղադրվել են, 13,14-ը` ոչ, իսկ 15 –ը գյուղում տեղադրվել է: Չգիտի նաեւ, թե որ թվականի եւ որ քարտեզներով են սահմանազատվում: Ինչո՞ւ են դրանք թաքցնում աշխատանքային խմբի անդամից եւ գյուղի բնակչից: Էլ ի՞նչ աշխատանքային խմբի անդամ, եթե քարտեզներ չունեն: Մինչեւ հիմա մարզպետը պարտավոր էր ամենօրյա ռեժիմով հասարակությանը տեղյակ պահել, թե որտեղ ինչ սահման գծվեց, որտեղ սյուն տեղակայվեց, որքան տարածք տրվեց թշնամուն: Մարզպետը պարտավոր էր ներկայացնել, թե քանի մարտական դիրք է հանձնվել թշնամուն, կոմունիկացիաների առումով ինչ է անցել թշնամու տիրապետության տակ: Եթե չկա այս թափանցիկությունը, եթե բնակիչը հստակ չի տեղեկանում, թե իր համայնքում, իր տան շուրջը ինչ է կատարվում, ուրեմն նա լեգիտիմ իրավունք ունի չվստահելու, անհանգստանալու, ընդվզելու, ըմբոստանալու:…. Եկեք խնդրին գլոբալ նայենք: Պետք է դադարեցնել այս գործընթացը. սառեցնել, ընդհատել, կիսատ թողնել: Չի կարող պարտվող կողմը` նվաստացած վիճակում, հաղթող կողմի հետ առանց միջնորդների նստել բանակցությունների սահմանազատման հարցերի շուրջ: Երկրորդ. մենք հայտարարում ենք, որ թշնամու ռազմական ներուժը քանի անգամ գերազանցում է մերին: Այն դեպքում, երբ թշնամու ախորժակը մեծանում է եւ սկսում է այլ պահանջներ դնել, պատերազմի սպառնալիք տակ` առանց միջնորդի: Ո՞վ պետք է սահմանափակի թշնամու ախորժակը: Երրորդ. եթե մենք հրաժարվել ենք միջնորդներից, ուրեմն անընդհատ բավարարելու ենք թշնամու պահանջները: Հակառակ դեպքում, մեր երկրի գլխին դամոկլյան սրի նման միշտ կախված է լինելու պատերազմի վտանգը: Եվ վերջինը` անհասկանալի փոխակերպում տեղի ունեցավ բանակցությունների հարթակում. Արեւմտյան հարթակից անցում դեպի ՀԱՊԿ-ի տիրույթ` Ղազախստան, թուրանական աշխարհ: Պատերազմ չունենալու համար սահմանազատումը պետք է իրականացնել միջազգային իրավունքի հիման վրա, միջազգային երաշխիքների ներքո եւ մասնակցությամբ: Կազմաքանդված բանակը եւ դիվանագիտությունը ուժեղացնել, գտնել միջազգային գործընկերներ, իրական դաշնակիցներ: Թե չէ` բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, հստակ գծված սահման ենք ուզում ունենալ: Բայց այս թվարկածս խնդիրները չկարգավորելու պայմաններում, այսպիսի իրավիճակում չի կարելի գնալ սահմանազատման: Դա ուղղակի աններելի է»:
Հիշեցնենք նաեւ, որ Վարուժան Ներսիսյանը 1990-ականների պատերազմների ժամանակ եղել է Իջեւանի շրջանի ինքնապաշտպանության հանձնաժողովի նախագահը, Իջեւանի նախկին շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, 2000-2012թթ-ին եղել է Եվրախորհրդի կոնգրեսի անդամ:
Հարցազրույցներն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
https://hraparak.am/post/0236e403a3e95c25e1d3a469f01bcdbd
https://hraparak.am/post/362c10de8697a4b3aadaf5a699f7c4f7
