ԵՐԿՈՒ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՁԵՒԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱԿԱՏ

           Իմպիչմե՞նթ , թե՞ ընտրություններ

Հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն արդեն հստակ դիրքավորվում է: Թե՝ ինչ արդյունք կունենա Փաշինյանի իմպիչմենթի գործընթացը, նախաձեռնության հեղինակներին կհաջողվի՞ անկախացած եւ ՔՊ-ական պագմամավորներից ստորագրություններ վերցնել, դեռ պարզ չէ: Համենայնդեպս, նրանք վստահեցնում էին, որ կան իշխանական պատգամավորներ, ովքեր կմիանան իմպիչմենթին, եթե «Հայաստան» դաշինքը տա իր ստորագրությունները: Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը տվեց իր ստորագրությունները: Հիմա բոլորը սպասում են գործընթացի զարգացմանը:  Այս գործընթացին զուգահետ ընդդիմադիր մյուս ուժերը 2026-ի ընտրապայքարի «պատրաստությունների» մեջ են: դրանք մեկը մյուսին չեն խանգարում:

    «Ի՞նչ պակաս վարչապետացու եմ»

Ընդդիմադիր կողմնորոշում ունեցողների թիվը այսօր Հայաստանում շատ մեծ է, քանի որ Փաշինյանից ու նրա թիմից դժգոհ են, գրեթե, բոլորը: Քաղաքական ընդդիմադիր դաշտը, սակայն, խայտաբղետ է ու ցաքուցրիվ: Փաշինյանի՝ վարչապետ լինելուց հետո արդեն շատերն են իրենց համարում ամենահարմար վարչապետացուն՝ «Եթե Փաշինյանը կարողացել է դառնալ վարչապետ, ես ինչո՞վ եմ պակաս» մտայնությամբ: Անգամ, Էդմոն Մարուքյանն է իրեն վարչապետացու համարում…

Սպառված կուսակցական համակարգ եւ անհատների առաջնորդություն

Հայաստանում կուսակցական համակարգը սպառված է: Որքան շատ են ստեղծվում անգաղափար ու փուչիկ կուսակցություններ, այնքան դրանց նկատմամբ վստահություն ու լուրջ մոտեցումը սպառվում է: Մարդիկ հիմա գնում են առաջնորդների, անհատների ետեւից: Դրա ապացույցն էր նաեւ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունները. գյումրեցիներն ընտրեցին ոչ թե Կոմունիստական կուսակցությանը կամ «Պատիվ ունեմ» դաշինքին, այլ՝ Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին: Սա փաստում է, որ համամասնական ընտրակարգը իրեն չարդարացրեց: Ինչեւէ, հիմա գործում է այդ ընտրակարգը: Սակայն, մարդիկ նորից կընտրեն անձերին, անհատներին, ոչ թե այս կամ այն կուսկացությանը՝ իր գաղափարախոսության համար:

Ընդդիմադիր դաշտը այս ամիսների ընթացքում, բնականաբար, կբյուրեղանա, կստեղծվեն միավորուներ: Սակայն, ակնհայտ է, որ ընդդիմադիր ճակատի առանցքային ուժեր են լինելու Սամվել Կարապետյանի նոր ձեւավորվող շարժումը եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ կլինի դա ՀՅԴ-ի հետ, թե առանց դրա:

«Մեր ձեւովի» համակիրների կգնան ոչ թե ընտրելու նոր ձեւավորվող շարժմանը կամ նրա համակարգող Նարեկ Կարապետյանին, այլ՝ Սամվել Կարապետյան  ազգային բարերարին: Կարապետյանը անխոցելի է «նախկին» լինելու մեղադրանքներում: Նրան չեն կարող մեղադրել երկիրը թալանելու, խոսքի ազատությունը սահմանափակելու, վատ ղեկավար լինելու մեջ: Ընդհակառակը, նրա ունի դրական, բարի համբավ, որը կլրացնի նրա քաղաքական կառավարման փորձի բացակայությունը:

Իսկ ովքեր նախընտրում են «փորձած թանը», կգնան Ռոբերտ Քոչարյանի ետեւից, ով, ինչպես յուրաքանչյուր նախկին կամ ներկա ղեկավար, խոցելի է:  Բոլոր երկրներում էլ, անգամ ամենալավ համբավն ունեցող ղեկավարները ունենում են քննադատներ, ովքեր նրանց մեղադրում են տարբեր մեղքերի մեջ:

Սակայն, հասարակության մեջ կան շատերը, ովքեր Քոչարյանին համարում են ամենաարդյունավետ ղեկավարած ու դիվանագիտության մեջ  ամենահաջողած ղեկավարը: Երկրորդ նախագահը տեսնում է երկրում ստեղծված ապոկալիպսիկ իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը: Մարդիկ չեն մոռացել, որ մի անգամ նա Հայաստանը դուրս է բերել ավերակներից, ցրտի ու սովի ճիրաններից: Վստահ են, որ հիմա էլ  կարող է կասեցնել երկրի գահավիժումը:

             Համերաշխության կոնսոլիդացիա

Ակնհայտ է, որ այս երկու գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի ու նրանց թիմերի միջեւ կա քաղաքական համերաշխություն՝ ի տարբերություն ընդդիմադիր այլ ուժերի, որոնք Փաշինյանին թողած միմյանց շողքի հետ են կռիվ տալիս, թուլացնում իրար: Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հաստատեց այդ համերաշխությունը եւ ասաց, որ ընտրություններից հետո միասնական ձայներով կարող են հաղթել Փաշինյանին: Երեկ «Մեր ձեւով» շաժման առաջին հաշվետու ժողովին ներկա էր նաեւ Լեւոն Քոչարյանը: Եթե այս քաղաքական համերաշխությունը շարունակվի եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ այս երկու ուժերը չսկսեն քվեի կռիվ տալով իրար դեմ դուրս գալ, ապա, կարող ենք վստահ լինել, որ անկախ ՔՊ-ի հավաքած քվեների տոկոսից, որը, բնականաբար, բարձր չի լինի, վարչապետ կընտրվի ընդդիմադիր ուժի առաջնորդներից մեկը…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ