Փաշինյանին սովորեցրեց աշխարհագրություն եւ դիվանագիտորեն նստել-վեր կենալ

Երկու օր է՝ ՔՊ-անոցը խառնվել է իրար. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը նորից կորցրեց իշխանականների ու իշխանամերձների աչքերի քունը: Նրանք լրատվամիջոցների եթերները լցրել են իրենց աղեկտուր հարցազրույցներով, վախեցած ստատուսներ են գրում: Արման Բաբաջանյանն արդեն իրեն կամ իրենց տեսնում է գնդակահարության պատի տակ.«Սրանք որոշել էին մեզ գնդակահարել և ուրեմն կամ մենք նրանց կանգնեցնում ենք հիմա, կամ նրանք ավարտին են հասցնելու սկսածը»։

Իսկ, իրականում, ի՞նչ էր ասում Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքում միայն աշխարհաքաղաքական, դիվանագիտական, քաղաքական քայլերի  լուրջ եւ մատչելի  ծրագրեր ու առաջարկներ էին, որի մեջ, բնականաբար, արմանբաբաջանյանները չկային…

Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ պայթեցրեց Փաշինյանի՝ «խաղաղության»  խաչմերուկի միֆը, թե, իբր, այն օդ ու ջրի նման անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրներին եւ, ինքը դրանով  մեծ ու կարեւոր քայլ է անում՝ բոլոր հարեւանների համար, ապաշրջափակում է բոլորին, որից, իբր, շահելու է Հայաստանը:

Քոչարյանը ասուլիսին եկել էր քարտեզով: Իհարկե, ոչ այն դեղին ստվարաթղթե քարտեզով, որը կտրել-պատրաստել է Փաշինյանը:  Նա տարածաշրջանի քարտեզի վրա պարզ ու մատչելի ձեւով ցույց տվեց, որ այդ ճանապարհը ոչ մեկի համար է կարեւոր չէ, քանի որ այստեղ՝ մեր հարեւան եւ մերձհարեւան բոլոր երկրները  վաղուց ունեն իրար հետ կապող անհրաժեշտ ճանապարհները: Հետեւաբար, «Թրիփի»՝ լինել-չլինելը ոչնչով իրենց վրա դրական  ազդեցություն չի ունենա: Բայց, կա մի երկիր, որի համար այդ ճանապարհը խիստ կարեւոր է: Դա Ադրբեջանն է: Այսինքն, օգօստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Ադրբեջանի, Ալիեւի սրտի մի փաստաթուղթ, որից Հայաստանը ոչ միայն չի շահում, այլեւ կարող է հայտնվել շատ վատ վիճակում: Միաժամանակ, կսրվեն հարաբերությունները հարեւան-բարեկամ Իրանի հետ:

Իսկ այս իրավիճակում ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը: Եթե նրա փոխարեն լիներ մի պոպուլիստ, ապա կասեր՝ ես կգամ իշխանության, Թարմփին պատերով կտամ ու այս ամենը հեչ կանեմ: Բայց, ոչ: Քանի որ  Քոչարյանը պոպուլիստ չէ, պարզ ասաց, որ ճիշտ է. Թրամփն անգամ քո ու քո երկրի անունը չգիտի եւ անլուրջ է վերաբվերում, այնուամենայնիվ, դու չես կարող դուրս գալ նրա հետ պայմանավորվածությունից: Հաշվի առնելով Թարմփի հոգեբանությունը, որ նա ամեն ինչի մեծն ու շատն է սիրում, Քոչարյանը Փաշինյանին հուշեց, որ նրան կարելի է առաջարկել ավելի երկար ճանապարհ, որը արդեն շահեկան կլինի Հայաստանի համար, բայց, որին, հավանաբար, դեմ կլինի Ալիեւը:  Եթե այն չիրականանա ադրբեջանական կողմի պատճառով, ապա  մերժող կողմը կլինի ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը: Այդ դեպքում Հայաստանը կարող է շնորհակսալություն հայտնել Թրամփին ասելով, որ ճանապարհը կկառուցվի մեր կողմից, մեր միջոցներով:

Նախագահը  վստահեցրեց, որ այդ դեպքում եւ ցանկության պարագայում ճանապարհի շինարարության փողը մենք ունենք: «Ի՞նչ արժե այդ ճանապարհի շինարարությունը։ Փաշինյանն ասում է՝ մոտ 1 մլրդ դոլար։ Նույնիսկ եթե այդ ճանապարհի 1 կմ-ի շինարարությունն արժենա 1 մլն դոլար, դրան գումարած ռելսերի կառուցումը՝ մոտ 43 մլն։ Սա բաժանեք 2–3 տարվան, և եթե մեկ տարի պարգևավճար չստանաք, նույնիսկ առանց վարկ վերցնելու կարելի է կառուցել։ Ամոթ է՝ Հայաստանի ամենագրավիչ հատվածը հանձնել ԱՄՆ-ին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում և հեքիաթ պատմել «1 մլրդ-անոց» ծրագրի մասին».- ասաց երկրորդ նախագահը։

Իհարկե, Փաշինյանի ու ՔՊ-ականների համար ծանր կլինի իրենց զրկել պարգեւավճարներից ու շրջագայություններից,  ինչ է թե՝ մեր տարածքը վարձով չենք տալիս օտարին…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ