Երկրի ներսում եւ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը շատերիս ստիպում է իշխանությանը թողնել ու քննադատության տարափ հեղել ընդդիմության գլխին: Պատճառն այն չէ, որ Փաշինյանը լավն է, իսկ վատ ընդդիմությունը խանգարում է նրան: Այլ այն, որ Փաշինյանի հետ, այլեւս, ամեն ինչ պարզ է. նա գործում է բացահայտ ու չի էլ թաքցնում, որ սպասարկում է ադրբեջանաթուրքական շահերը՝ վտանգելով ՀՀ պետականությունը: Փաշինյանը չի թաքցնում, որ պատրաստ է համայն հայությանը՝ մեր ու մանուկով բանտարկել, միայն թե իր իշխանությունը չվտանգվի: Փաշինյանի մասին խոսելն ու նոր բացահայտւմներ անելն այլեւս անիմաստ է:
Ընդդիմադիր հասարակությունն ավելի շատ սպասելիքներ ունի ընդդիմությունից: Գուցե, այս սպասելիքները չեն համապատասխանում ընդդիմության հնարավորություններին: Գուցե, նրանք անում են առավելագույնը՝ երկիրը ազատագրելու ներքին ու արտաքին «կապիտուլյանտներից»: Սակայն, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է եւ, երկիրը գահավիժում է, ապա մեր պահանջները ընդդիմությունից ավելի են խստանում: Մենք ընդդիմադիր ուժերին քվե ենք տվել, որ նրանք հեռացնեն Փաշինյանին, ոչ թե խորհրդարանում լեզվակռիվ տան: Բայց դա չի նշանակում, թե մենք չենք գնահատում այն ծանր աշխատանքն ու հոգեվիճակը, որոնց մեջ հայտնվել են իրենք: Մենք չենք ուզում հերոս գեներալ Սեյրան Օհանյանին տեսնել ինչ-որ անարժանների հետ լեզվակռիվ տալիս. չենք ուզում մեր ուժեղին թույլ ու անզոր տեսնել; Եւ դա չի նշանակում, թե մենք մոռացել ենք նրա զինվորական ավանդը:
Եթե քննադատում ենք Սերժ Սարգսյանին, ուրեմն, չենք ներում նրա ղեկավարման տարիներին մեր երկրի իմունիտետի անկումը, ինչի հետեւանքով դրսից օտար մարմիններ եկան, բնավորվեցին, տարածվեցին, իսկ ինքը պարտվեց այդ արտաքին ուժերին: Չենք ներում, որ նրա օրոք ԱԱԾ-ն իր գործառույթները լավ չի կատարել, իսկ իշխանություն-ժողովուրդ կապը արդեն բացակայում էր: Բայց, դա չի նշանակում, թե մենք մոռացել ենք, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին մենք ավելի ապահով ու անհոգ էինք, քան հիմա:
Եթե մենք քննադատում ենք Ռոբերտ Քոչարյանին՝ սոկրատյան հանգստությամբ 2026-ի ընտրություններին սպասելու եւ ծովափնյա հանգիստը մեզ ներկայացնելու համար, դա նշանակում է, որ մենք նրանից լուրջ սպասելիքներ ունենք եւ գործուն քայլերի ենք սպասում: Եվ դա չի նշանակում, թե մենք մոռացել ենք, որ Քոչարյանի ղեկավարման տարիները եղել են վերականգնման, զարգացման եւ ուժի դիրքից խոսելու տարիներ: Դեռ ավելին՝ Քոչարյանի հետ այսօր շատերն են հույս կապում. նա մի անգամ քանդված երկիրը ոտքի հանելու բարեհաջող փորձ ունի, կարող է նաեւ երկրորդ անգամ…
Երբեմն, քննադատում էինք Բագրատ Սրբազանին՝ մայիսի իննին համապատասխան քայլերի չգնալու եւ ընդդիմադիր դաշտի էներգետիկան փոշիացնելու համար: Բայց մենք չենք մոռացել ու գիտակցում ենք, որ Սրբազանն իր անձը դրել է հայրենիքի զոհասեղանին ու այսօր խղճի քաղբանտարկյալ է:
Մենք քննադատում ենք Սամվել Կարապետյանին, որովհետեւ մեր սպասելիքները նրանից շատ են և, չենք ուզում, որ նա բավարարվի միայն իր հարազատ եղբորորդու համար քաղաքական իմիջ կերտելով: Սամվել Կարապետյանն ունի վստահության եւ մյուս ռեսուրսները՝ իր շուրջը քաղաքական լուրջ թիմ ձեւավորելու համար: Եվ «Մեր ձևովը» չպետք է գլխաքանակ ապահովի շարժմանը միացող անհայտ ծագմամբ մարդկանցով: Քննադատելով հանդերձ՝ չենք մոռացել նրա բարեգործություններն ու հսկայական ներդրումները Հայաստանում եւ Արցախում:
Այո, երբեմն քննադատում ենք ընդդիմությանը, բայց լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում բռնապետական երկրում ընդդիմություն լինել եւ, մարդու ճակատագրի համար ինչ հետեւանքներ ունի դա: Մենք լավ գիտակցում ենք, որ այսօր մեծ պատասխանատվություն է կրում այն մարդը, ով պատրաստակամություն է հայտնում Փաշինյանից հետո գալ եւ վերցնել քանդված ու գահավիժող երկրի ղեկը: Գիտակցում ենք, բայց քննադատում ենք, որ ընդդիմությունը չմոռանա իր պատասխանատվության ու մեր սպասելիքների չափը: Իհարկե, ընդդիմությանը քննադատելու իրավունք չունեն «բազմոցային» ընդդիմադիրները, որոնք միայն հեռուստացույցից են հետեւում, թե ինչ է կատարվում երկրում: Քննադատելու իրավունք ունեն այն մադրիկ, ովքեր եղել են ու կան իրական պայքարի մեջ;
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
