Ինչպես յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ, 2026թ-ին ընդառաջ նույնպես հայաստանյան քաղաքական դաշտում նոր կուսակցությունների ստեղծման հեռանկար կա: Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ ազգաբնակչության թիվը նույնպես փոքր է, կուսակցությունները շատ են: Եթե գերտերություն ՌԴ-ում կա մոտ 200 կուակցություն, ԱՄՆ-ում 55 պետական մակարդաակում եւ կան 238 փոքր նահանգային կուսակցություններ, որոնք ճանաչված են միայն մեկ նահանգում, ապա Հայաստանի նման երկրում ավելի քան 70 կուսակցություն ունենալը ճոխություն է:
«Օլիգարխիկ» կուսակցություններ
Հայաստանում «կուսակցություն» ասվածը ժամանակին զրկվեց գաղափարական կառույց լինելուց, երբ սկսեցին կուսակցություններ հիմնել օլիգարխները: Օրինակ՝ Գուրգեն Արսենյանը՝ ՄԱԿ-ը, Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի ցուցակով, որպես կանոն, սկզբնական շրջանում պատգամավորական մանդատ ստանում էին միայն փողատերերը, ովքեր երկու հոդաբաշխ միտք իրար ետեւից չէին կարողանում շարադրել: Հետո կուսակցությունն իր կազմում ընդգրկեց նաեւ գաղափարական, գրագետ ու խելացի մարդկանց: Հիմա, այդ կուսակցությունը իրեն հեռու է պահում քաղաքական հարցերից. իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:
«Ծնվող-մեռնող» կուսակցություններ
Անկախության տարիններից ի վեր Հայաստանում շատ կուսակցություններ ստեղծվեցին ու «փակվեցին»՝ ունենալով թիթեռի կյանք: Օրինակ, «Շամիրամ» կանանց կուսակցությունը, որը խորհրդարան անցավ Վանո Սիրադեղյանի «դաբրոյով»: Չար լեզուներն այս կուակցությանն անվանում էին «սիրուհիների» կուսակցություն: Այս ընթացքում էլի շատ կուսակցություններ հայտնվեցին, մասնակցեցին մեկ ընտրության ու անհետացան: Անգամ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի թուրը ժամանակին աջ ու ձախ կտրում էր, հիմա դուրս է եկել քաղաքական երկնակամարից:
Գաղափարական կուսակցություններ
Հայաստանում կուսակցությունների մեծամասնությունը մարդ կուսակցություններ են, որոնք գոյատեւուոմ են մեկ անձի գործոնով եւ տրամադրությամբ պայմանավորված: Շատ քիչ են գաղափարական հենքի վրա ստեղծված կուսակցությունները: Օրինակ՝ ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները, ՀՀԿ-ն, եւ էլի մեկ-երկուսը: Ամենաերկարակյաց կուսակացություննը ՀՅԴ-ն է, որը ունի գաղափարական ամուր հենք, որի մասին երկար կարելի է խոսել:
Աշոտ Նավասարդյանի ստեղծած ՀՀԿ-ն նույնպես գաղափարական ամուր հենքի վրա ստեղծված կուսակցություն է: Սակայն, ժամանակի ընթացքում այստեղ հայտնվեցին քրեաօլիգարխներ, պատեհապաշտներ, պաշտոնի ու աթոռի համար կուսակցության շարքերը մտնողներ: Ժամանակի ընթացքում այս կուսակցությունն արհեստականորեն մեծացավ, քանի որ մարդկանց պաշտոնի արժանացնելու համար պարտադիր էր ՀՀԿ-ական անդամատոմսը: Այդ է պատճառը, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը տարիների ընթացքում խամրեց, նսեմացվեց: Սակայն, հարկ է ընդգծել, որ այստեղ կան ազգային- գաղափարական գործիչներ, ովքեր իրենց ուսերին են կրում ոչ միայն իրենց մյուս կուսակիցների սխալները, այլեւ ապահովում են կուսակցության քաղաքական քարոզչությունը: Նրանք են Էդուրադ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը:
Որպես կանոն, յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական հավակնություններ ունեցողները իրենք իրենց ընտանիքի անդամներով, հարեւաններով, խնամիներով հավաքվում են, մի խումբ են ստեղծում, անունը դնում «կուսակցություն» ու մասնակցում ընտրություններին: Կուսակացությունների մասին օրենքը պահանջում է, որ յուրաքանչուր կուսակցությունը պետք է ունենա 2000 անդամ, մարզերում ունենա կառույցներ: Եթե այս թիվը բազմապատկենք կուսակցությունների թվով, ապա կստացվի, որ Հայաստանում գրեթե բոլոր չափահասները կուսակցականացված են; Իհարկե, այս թվերը ուռճացված են: Բազում պատմություններ ու անեկդոտներ կային այս թեմայով՝ մի մարդատար ավտոմեքենայում տեղավորվող կուսզանգվածի, կնոջն ու սիրուհուն անդամագրող կուսառաջնորդների եւ այլնի մասին: Մարդիկ իրենց կուսկացությւոնների ցուցակում ընդգրկում են մարդկանց անուններ, որոնց անուններն արդեն մի քանի կուսակցության ցուցակում կա: Հետո «Կուսակցությունների մասին» օրենքն ավելի խստացվեց. Անձանց անձնագրային տվյալները պետք է առկա լինեն Պետռեգիստրում: Ուզած-չուզած, որոշ կուսակցություններ ինքնալուծարվեցին, մյուսները միացան խոշորներին, եւ դաշտը փոքր-ինչ մաքրվեց:
Համախմբման փոխարեն տարանջատու՞մ
Եթե մինչեւ 2018 թվականը Հայաստանում անվտանգ էր շատ կուսակցությունների առկայությունը եւ դրանց՝ ընտրություններին մասնակցելը, ապա, հիմա Հայաստանում ֆորս մաժորային իրավիճակ է: Իսկ այս իրավիճակում ընդդիմադիրները պետք է հնարավորինս միավորվեն, բռունցքվեն, համախմբվեն, որպեսզի կարողանան ընտրապայքարի միջոցով պայքարել պետական ապարատի եւ վարչական ռեսուրսների դեմ՝ երկիրն ազատելով «ազգակործան պատուհասի» ձեռքից: Մինչդեռ մեր մոտ հակառակ գործընթացն է գնում. քաղաքական դաշտ մտավ գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, եւ փոխարենը միանար եւ իր ռեսուրսներով աջակցեր, համախմբվեր արդեն իսկ կայացած քաղաքական այս կամ այն ընդդիմադիր ուժի հետ, նա իր ռեսուրսները ծախսում է նոր թիմ հավաքագրելու վրա: Թիմի անդամներ են ընտրվում առցանց գրանցումով, մարզից-մարզ տնետուն անելով: Իսկ, թե ովքեր են այդ թիմին անդամագրովողները, ինչ գաղփարներ ունեն, որ երկրի «գործակալ» են, էական չէ. կարեւորը «գլխաքանակն» է…
Իբր Սամվել Կարապետյանը քիչ էր, հիմա էլ Ռուսաստանից այլ մեծահարուստներ են որոշել գալ, «մարդա» մի կուսակցություն բացել ու մասնակցել ընտություններին: Գոնե, նրանք կարող էին միանալ Սամվել Կարապետյանի նորաստեղծ թիմին: Բայց, ոչ, ամեն իրեն «հարգող» հայ մեծահարուստ պետք է իր կուսակցությունն ունենա: Այսպես նրանք «կփախցնեն» մեկը-մյուսի ձայները, կփոշացնեն ընդդիմադիր հասարակության քվեները: Իսկ Փաշինյանը կստանա ամենաշատ քվեները՝ վարչական լծակներով, բռնաճնշումներ գործադրելով, մանիպուլիացիոն հայտարարություններ անելով, պառակտելով հասարակությանը …
Նաիրա Վանյան
