ԵՎՐՈՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ «ՊԵՐՃԱՆՔՆ» ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 Եվրոպաշտոնյաները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումներ են ունեցել եւ բանակցություններ  վարել Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հետ։ Նրանք առքով-փառքով, լայն ու ջերմ ժիպտներով ընդունել են, ձեռք են սեղմել մի մարդու, ում դեռեւս մի քանի ամիս առաջ անվանում էին ահաբեկիչ: ԱՄՆ-ն ժամանակին Շարաայի գլլխի համար 10 մլն դոլար էր խոստացել: Հիմա արդեն ամերիկացի ու եվրոպաշտոնյաները այդ գլուխը «շոյում են»… 

 Մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցություններ են վարել  ալ-Շարաայի հետ, հետո այդ հանդիպումը բնութագրել են որպես դրական: Նրանք վերահաստատել են դաշինքի աջակցությունը «իսկական, ներառական, խաղաղ և սիրիական առաջնորդությամբ անցումային գործընթացին՝ առանց վնասակար արտաքին միջամտության»: «Մենք հանձնառու ենք մեր քաղաքական երկխոսությունը ընդլայնելուն, անհապաղ մարդասիրական կարիքները բավարարելուն և Սիրիայի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելուն», — ասվում է համատեղ  հայտարարության մեջ։

Սիրիայի նորաթուխ նախագահն էլ իր հերթին,  ելույթ ունենալով,  խոսել է իր պահանջներից է եւ զգուշացրել, որ Մերձավոր Արևելքը կարող է նոր անկայունության վտանգի ենթարկվել, եթե Իսրայելը չհամաձայնվի Սիրիայի ինքնիշխանությունը հարգող անվտանգության պայմանագրի հետ։  Նա կտրականապես դեմ է Սիրիայի ցանկացած բաժանմանը, որտեղ Իսրայելը առաջընթաց է գրանցել՝ հղում անելով դրուզ փոքրամասնության պաշտպանությանը։ Խոսելով դրուգ փոքրամասնության մասին, Շարաան, հավանաբար,  մոռացել էր, որ համացանցը ողողված է զազրելի ու սահմռկեցուցիչ տեսարաններով, թե ինչպես են իր զինյալ-ահաբեկիչները անասնական  ու անմարդկային ձեւով վարվում ազգային ու կրոնական փորամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: 

 Հիշեցնենք, որ Ալ Շարաան Ասադի ռեժիմի դեմ պայքարում էր ավելի քան տասը տարի: 2025 թ-ին նա շատերի համար անակնկալ ու անհասկանալի ձեւով եկավ իշխանության եւ շատ արագ սկսեց փոխել իր՝ ահաբեկչի իմիջը: Երբեմնի զինյալ ահաբեկիչը հիմա արևմտյան լրագրողների ու քաղաքական գործիչների է ընդունում, Սիրիայի «զարգացման նոր քարտեզը գծում», նկարվում սիրիացիների հետ, միայն թե կանանց խնդրելով՝ իր հետ լուսանկարվելիս գլխաշոր գցել:

Սակայն, նրա ղեկավարած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը շարունակում է ահաբեկչական համարվել, երկրում իշխանափոխությունից հետո էլ ցեղասպանական գործողություններ է իրականացնում Սիրիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Ալ Շարաան փորձում է կիրառել դիվանագիտական լեզու: Նա ուզում է «հարգալից» կապեր պահպանել Ասադի նախկին հովանավորներ Իրանի ու Ռուսաստանի հետ, նրանց մասին խոսելիս  դիվանագիտական լեզու է բանեցնում. նա հորդորել է Թեհրանին «վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը», պնդել, թե ՌԴ-ն պետք է դուրս բերի ուժերը Սիրիայից, բայց այնպես, որ «երկու երկրների հարաբերությունները չտուժեն»:

Ամփոփելով, եւս մեկ անգամ համոզվում ենք, որ եվրոպաշտոնյաները մշտապես առաջնորդվում են երկակի չափորոշիչներով. որտեղ իրենց պետք է՝ մարդուն կանվանեն ահանբեկիչ: Հաջորդ օրը նրան կդարձնեն թագավոր եւ պատիվ կտան…Այդպիսի երկակի չափորոշիչներով էլ  վերաբվեում են ՀՀ իշխանությունների հետ. եթե Հայաստանի ղեկավարը իրենց դրածոն  ու կամակատարը չէ, ապա առիթը բաց չեն թողնի նրան բռնապես ու ոչ լեգիտիմ համարելու: Իսկ, եթե իրենց դրածոն ու կամակատարն է, ապա նրան կհամարեն ամենաժողովրդավարն ու ամենալեգիտիմը, եթե անգամ, վերջինս բանտերը լցրել է իր ընդդիմախոսներով ու երկիրը դարձրել է միապետական բռնապետություն…

Նաիրա Վանյան