«ՄԵՐՁԵՒՈՎ»-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԲՐԵՆԴՆ» ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ…

Վերլուծելով «Մերձևով» ժողովրդակամավորական շարժման երեկվա  շնորհանդեսի ուղերձները, հնչեցրած ելույթները, գալիս ենք եզրահանգումների, որոնք կներկայացնենք ստորեւ:

«Մերձևովը» պահի եւ իրավիճակի ազդեցության տակ ստեղծված շարժում է, որը կարող է դառնալ քաղաքական, կարող է՝ չդառնալ: Այդ իրավիճակը Սամվել Կարապետյանի հայտարարության հետեւանքով նրա ձեբակալությունն ու նրա բիզնեսների նկատմամբ ստեղծված քաղաքական հետապնդումներն են: Այս շարժման քաղաքական «բրենդը» հենց Սամվել Կարապետյանի կալանավորումն է: Կստեղծվե՞ր այս շարժումը Կարապետյանների ընտանիքի կողմից, եթե Սամվել Կարապետյանը չաներ հայտնի հայտարարությունը եւ չհայտնվեր անազատության մեջ: Եվ,  ի՞նչ կլինի, եթե վաղը նա հայտնվի ազատության մեջ: Գուցե, այս շարժումը կշարունակի Նարեկ Կարապետյանը, ում՝ քաղաքական կյանք մուտքի  համար ստեղծված իրավիճակը տխուր ու անցանկալի առիթ էր: Եթե Նարեկ Կարապետյանը այլ իրավիճակում մտներ քաղաքական դաշտ, հազիվ թե նրա խոսքը լսելի լիներ եւ նրա ձեւավորած շարժումը  որեւէ մեկին հետաքրքիր լիներ: Հիմա, Սամվել Կարապետյանի գործոնով պայմանավորված, Նարեկ Կարապետյանի խոսքը լսում են շատերը, սպասելիքներ ունեն շատերը:   Շնորհանդեսի ժամանակ չնհչեցին քաղաքական հստակ ուղերձներ, որոնցից հայ քաղաքացին  կարող էր հետեւություն անել, որ ընդդիմադիր նոր ու մաքուր ուժ է ձեւավորվում: Իսկ նոր ուժից սպասելիքնեը շատ են նրանց մոտ, ովքեր չեն ուզում տեսնել ո՛չ այս իշխանությանը, ո՛չ էլ հին դեմքերին: Թեեւ, Նարեկի հայրը՝ Կարեն Կարպետյանը, ՀՀԿ-ի  կարկառուն դեմքերից է:

Նարեկ Կարապետյանը երկրում ստեղծված իրավիճակը պայմանավորում է հասարակական-քաղաքական ուժերի կողմից տարվող ատելության քարոզով: Ձեռքի հետ էլ ակնարկ արեց՝ դեղին մամուլի խմբագրի գործունեւթյունը, հավանաբար, ի նկատի ունենալով Փաշինյանին:

Խոսելով արտաքին քաղաքականության եւ նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին, Նարեկ Կարապետյանը մի լղոզված արտահայտություն արեց.«Եթե իրական խաղաղությունը կլինի,  արտաքին քաղաքական մոդելը կլինի մի ձև, եթե չլինի, այլ միայն խոստում է, լինելու է ուրիշ ձեւ»: Նա չգաղտնազերծեց ո՛չ «մի ձևը», ո՛չ էլ՝ մի ուրիշ ձեւը:

Շարժման արտաքին քաղաքականության մոդելը ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Արթուր Դանիելյանը, ում համար այս իշխանության վարած արտաքին քաղաքականությունը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը դեռեւս «անհասկանալի» ու «զարմանալի» է…

Թե՛ արտաքին քաղաքական, թե ՛ներքին քաղաքական ոլորտներում իր ներկայացրած տեսլականով այս շարժումը դեռեւս իր խոսքը չասաց: Գուցե, դա պայմանավորված է շարժման անդամների անփորձությամբ: Գուցե, հետագայում այն կկարողանա դառնալ քաղաքական լուրջ շարժում՝ իրական նպատակներով ու ծրագրերով:

Շարունակելի…

Նաիրա Վանյան