Վերջին տարիներին Կասպից ծովի չորացումը արագացել է։
Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ռաուֆ Հաջիևը։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում ջրի մակարդակը նվազել է 0.93 մետրով, վերջին տասը տարիների ընթացքում՝ 1.5 մետրով, իսկ վերջին երեսուն տարիների ընթացքում՝ 2.5 մետրով։ Ներկայումս կանխատեսվում է տարեկան 20-30 սմ անկում։
«Այս գործընթացը ազդում է ափամերձ տարածքների նավահանգիստների գործունեության վրա, լուրջ խնդիրներ է ստեղծում նավագնացության և նավթագազային ենթակառուցվածքների համար։ Ափամերձ գծի նահանջը փոխում է բնական պայմանները, խաթարում տնտեսական գործունեությունը և ստեղծում նոր մարտահրավերներ կայուն զարգացման համար», — նշել է Հաջիևը։
Կասպից ծովը սահմանակից է Ադրբեջանին, Իրանին, Ղազախստանին, Ռուսաստանին և Թուրքմենստանին և ունի նավթի և գազի մեծ պաշարներ։ Ջրի մակարդակի անկումը բացասաբար է անդրադառնում ծովում գտնվող նավահանգիստների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Օրինակ՝ 2025 թվականի առաջին կեսին Ադրբեջանի Դուբենդի տերմինալով տեղափոխված նավթի ծավալը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Կասպից ծովի մակարդակի անկման պատճառների վերաբերյալ կան անհամաձայնություններ: Ռուսաստանը այս գործընթացը հիմնականում կապում է գլոբալ կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում և գոլորշիացման աճ։
Ադրբեջանական կողմը, իր հերթին, լրացուցիչ մատնանշում է Վոլգա և Ուրալ գետերի վրա ջրամբարների և հիդրավլիկ կառույցների կառուցումը, որը նվազեցնում է Կասպից ծով թափվող ջրի ծավալը։
Վոլգան կազմում է Կասպից ծով թափվող ջրի 80%-ը։
2024 թվականին Ադրբեջանն ու Ռուսաստանը ստեղծեցին համատեղ աշխատանքային խումբ՝ Կասպից ծովի ծանծաղկման խնդիրը ուսումնասիրելու համար: Այն ներառում էր երկու երկրների համապատասխան նախարարությունների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ։
Ռոյթերսը նշում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում քաղաքական լարվածությանը չնայած, ստորագրված արձանագրության համաձայն, սեպտեմբերին սպասվում է աշխատանքային խմբի համատեղ մոնիթորինգի ծրագրի և արձագանքման միջոցառումների առցանց հաստատում։
Ադրբեջանցի նախարարը մտահոգություն է հայտնել որ ափամերձ ճահիճները, եղեգնյա մարգագետինները և լճակները ոչնչացվում են, ինչը սպառնում է հազվագյուտ տեսակների, այդ թվում՝ թառափների և կասպյան փոկերի բնակավայրին։
