Եթե ինձ չընտրեք, դրսից «տղա» կբերեմ ձեր վրա, ձեզ պատերազմով կհաղթեմ

Փաշինյանի խոսքի մանիպուլիացիաները անսահման ու աներզր են: Երկրին պատերազմ ու այդ պատերազմում պարտություն բերած, Արցախը հանձնած ղեկավարը խաղաղության աղավնու փետուրները դրել է գլխին ու ասում է.«Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև»: Ըստ Փաշինյանի, խաղաղության ավետաբեր ինքն է, պատերազմ բերողները՝ իր ընդդիմախոսները:

Սա  Փաշինյանի հերթական ինքնախոստովանությունն է, որ ինքն ամեն ինչ անելու է իշխանության ղեկին մնալու համար: Նա ոչ միայն խաբեությամբ, այլ նաեւ շանտաժով իշխանության եկավ, երբ 2018-ին ասում էր.«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Այս խոսքի դաժան լրջությունը այն ժամանակ շատերս չհասկացանք: Հիմա արդեն, երբ բացված է Փաշինյանի կերպարի բոլոր «խութերն ու անկյունները», ակնհայտ է, որ նա ՀՀ «հպարտ»  քաղաքացիներին շանտաժ է անում. եթե ինձ չընտրեք՝ Ալիեւի ու Էրդողանի զորքը կմտցնեմ Հայաստան: Եւ  սրանք միայն բառեր չեն. այո, Փաշինյանը պատրաստ է հայերի արյան գետեր հոսեցնել, միայն թե մնա իշխանության: Իշխանությունը նրա  կյանքի ու անձնական անվտանգության միակ «երաշխավորն» է:

2021-ի ընտրություններում տեղի ունեցավ աշխարհում բացառիկ երեւույթ. պարերազմում պարտված ղեկավարը ոչ միայն հրաժարական չտվեց,  չնստեց մեղադրյալի աթոռին, այլեւ երես ունեցավ նորից առաջադրվելու եւ նորից «ընտրվեց»: Իհարկե, ընտրվել այստեղ հարաբերական է, քանի որ նա վարչական ռեսուրսների կիրառմամբ կարողացավ չնչին տոկոս ապահովել: Իսկ իր թիկունքում ուներ Ալիեւ-Էրդողան զույգին: Պատերազմի արհավիրք տեսած, զոհերին դեռ չհողարկավորած հասարակությունը դեռ վախի ազդեցության տակ էր: Բայցի այդ, Փաշինյանը հավատացնում էր, թե Արցախը տվեց, որ Հայաստանը պահի:

Իսկ հիմա, Փաշինյանը, որքան էլ փորձի մոլորեցնել հասարակությանը, մանիպումացնել, հասարակությունն այլեւս տեսնում է, որ նա Ալիեւի կամակատարն է, նա  ո՛չ Հայաստանն է պահելու, ո՛չ էլ իրենց անվտանգությունն է ապահովելու:

Փաշինյանն ինքն էլ է գիտակցում, որ առանց իշխանության, առանց ոստիկանական զորքերի, բերետեավորների իր համար դժվար է լինելու տնից դուրս գալ, քայլել, տեղաշարժվել Հայաստանում եւ արտերկրում: Դրա փաստերը կան՝ սյունյաց ողջույնները, փողոցում նրա ավտոշարասյանը ազդանշաններով մերժումները, սփյուռքում նրան լոլիկներով դիմավորումները՝ վկա:

Ալիեւի համար Փաշինյանն ուղղակի ճակատագրի նվեր է: Իսկ իր հաղթանակների շարունակականությունը ապահովելու եւ Հայաստանի ադրբեջանացումը  իրականացնելու նամար նա պատրաստ է աեմն կերպ սատարել Փաշինյանին՝ իշխանությունը պահելու հարցում:

Մի խոսքով, Ալիեւն ու Փաշինյանը միմյանց պետք են, շա՜տ են պետք…