Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան անմիջապես արձագանքել է իր դիմումին՝ կապված ռուսների ձերբակալության հետ և խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ «արդարությունը վերականգնելու համար»։ Մոսկալկովան այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Ես կապ եմ հաստատել իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հետ՝ խնդրելով ստուգել և ձեռնարկել իր իրավասության շրջանակներում անհրաժեշտ միջոցներ՝ արդարությունն ու օրինականությունը վերականգնելու համար։ Նա անմիջապես պատասխանել է ինձ, որ իմ դիմումն ընդունվել է, և ինքը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այս տեղեկատվությունը ստուգելու համար», — ասել է Մոսկալկովան։
Ավելի վաղ Մոսկալկովան դիմում էր ուղարկել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ կապված ռուսների ձերբակալության հետ և խնդրել էր օգնել «վերականգնել ձերբակալվածների իրավունքները»։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են,իբր, Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների մեջ։ Ձերբակալվել են նաև «Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։
