30 տարի առաջ հուլիսի 5-ին-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի մայր օրենքը՝ սահմանադրությունը։ Մասնակիցների 68%-ը՝ ընտրական իրավունք ունեցող 2 մլն 190 հզ․ քաղաքացուց 1 մլն 217 հզ-ը կողմ քվեարկեց սահմանադրությանը։
Սահմանադրություն ունենալը նորանկախ Հայաստանի առաջնահերթություններից էր։
Սահմանադրության հռչակման օրը երկար տարիներ նշվել է ոչ միայն պետական բարձր մակարդակով, ալեւ շարքային քաղաքացիների կողմից: Այս օրը երկրի գերակա օրենքի մեծարման ու կարեւորության գնահատման օրն է:
Այսպես էր մինչեւ Փաշինյան Նիկոլի ու նրա խմբակի իշխանության գալը: 2018թ-ից ի վեր Փաշինյանը տարբեր եղանակներով ու տարբեր առիթներով հաճախ է ոտնահարում ՀՀ Սահմանադրությունը՝ իրեն վեր դասելով պետական բոլոր կառույցներից. միանձնյա կարեւորագույն որոշումներ կայացրելով, կամայական ու չհիմնավորված հրահանգներ ու հրամաններ տալով, «ստանձնելով» ԱԱԾ տնօրենի, Սահմանադրական դատարանի, դատախազի, դատավորի, ՊՆ-ի եւ բոլոր բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյաների դերը:
Սկզբնական շրջանում թվում էր, թե նա այդ ամենն անում է՝ չգիտակցելով իր քայլերի պատասխանատվությունն ու հետեւանքները: Սակայն, երբ բանը հասավ նրան, որ այլեւս անթաքույց ու բացահայտ սկսեց խոսել ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նախագահ Ալիեւի ճաշակով ու սրտով դարձնելու իր պատարստակամության մասին, սկսեց վերջին յոթ տարում եւ, առհասսրակ, հայերի հետ տեղի ունեցած բոլոր ողբերգությունների մեղքը բարդել ՀՀ Սահմանադրության վրա, այլեւս ակնհայտ դարձավ, որ ի սկզբանե նա այդ ամենն արել է ոչ թե չգիտակցված, այլ՝ արել է նախապես պլանավորած ծրագրի իրականացման շրջանակներում: Այն ծրագրի իրականացման, որի համար ինքը եկել է, որի համար արտաքին ուժերը իրեն բերել են իշխանության:
Հուլիսի հինգը վաղուց լուսացել է, օրվա երկրորդ կեսն է մոտենում իր ավարտին: Սակայն, Փաշինյանի ծպտունը դեռ դուրս չի եկել. նա «չի հիշել», թե Հայաստանում այսօր ինչ օր է: Մարդը, ով աքլորականչի հետ սկսում է սոցցանցային գրառումներ անել՝ ամփոփելով հոգեւորականների ակնողիններում կատարած պեղումները, այսօր դեռ ոչ մի գրառում չի արել: Օրվա խորհրդի մասին ոչինչ գրված չէ նաեւ Կառավարության կայքէջում: Դեռ ոչ ոք պաշտոնական մակարդակով չի շնորհավորել ՀՀ հպարտ քաղաքացուն՝ պետական տոնի՝ Սահմանադրության օրվա առիթով…Այն Սահմանադրության, որին իրենք գրեթե ամեն օր խոշտանում են, որին բանտարկել են…
Նաիրա Վանյան
