Հայաստանի նախաձեռնությամբ՝ ս․ թ․ հուլիսի 2-ին ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհրդի 59-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվեց միջոցառում «Միջազգային համագործակցության դերը թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացման» խորագրով։
Միջոցառման համակազմակերպիչներն էին Ֆրանսիան, Էստոնիան, Կոստա Ռիկան, Չիլին, Ճապոնիան ու Քենիան։
Քննարկումների առաջին հատվածում հիմնական ելույթներով հանդես եկան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էստոնիայի գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Քրիստիան Վեսկեն, Ժնևում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Օիկե Աթսույուկին, Քենիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆենսի Չեփկեմոյին, Կոստա Ռիկայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Գյուերմե Ֆերնանդեսը։
Քննարկման երկրորդ հատվածի բանախոսներն էին Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի տեխնոլոգիաների ու մարդու իրավունքների հարցերով բաժնի վարիչի պաշտոնակատար Բիրգիտ Կաինց-Լաբբեն, ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միության գենդերային հարցերով պատասխանատու Մաուդ Աբբան, ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային խորհրդատու Մաիդա Պասիչը, ինչպես նաև Հայաստանի «Նորք» սոցիալական ծառայությունների հարցերով տեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։ Վերջինս կարևորեց թվային ռազմավարություններում ու չափորոշիչներում, թվային ոլորտը կարգավորող շրջանակներում կանանց ներկայացվածությունն ու առաջնորդությունը։
