ԱԺ–ում իրավիճակը լարվել է Հովիկ Աղազարյանը շիշը նետել է ՔՊ-ի ուղղությամբ. Արշակյանը նրան դուրս է հրավիրել

Ազգային ժողովի նիստերի դահլիճում քիչ առաջ իրավիճակը լարվել է։ Վիճաբանության մեջ են մտել ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանն ու ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

Եղոյանը տեղից Աղազարյանին դիմելով ասել է՝ «ամոթ»։ Դահլիճում կանգնած Աղազարյանը ջրի շիշը նետել է Եղոյանի ուղղությամբ ու նրան դուրս էր հրավիրում՝ հաշիվներ պարզելու։

Նիստը վարող Հակոբ Արշակյանը փորձում էր հանդարտեցնել վիճակը։ Մի շարք պատգմավորներ մոտեցել են Հովիկ Աղազարյանին, որպեսզի կանխեն հնարավոր բացասական զարգացումը։

«Պարոն Աղազարյան, դուրս եմ հրավիրում ձեզ դահլիճից եւ արգելում եմ այս նիստին մասնակցելուց»,–ասել է Հակոբ Արշակյանը։ Երբ Աղազարյանը դուրս է եկել դահլիճից, Արշակյանը մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել խոսակցությունը դահլիճում։

«Պարող Եղոյան, ձեզ նախազգուշացում, խնդրում եմ՝ տեղից չբղավել։ Հասկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահեր էր ներկայացնում, քան հայաստանյան։ Ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաներին մի տրվեք»,–ասել է նա։