Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունիսին Իրանի դեմ Միացյալ Նահանգների իրականացրած գործողությունը երկարատև նախապատրաստությունների և տեխնոլոգիական առաջընթացի արդյունք էր։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։
Նա նշել է, որ «Կեսգիշերային մուրճ» կոդային անվանումով գործողությունը տարբեր ստորաբաժանումների՝ օդաչուների, տանկերի անձնակազմերի, վառելիք լիքավորողների և զենքի մշակողների տարիների աշխատանքի գագաթնակետն էր։
«DTRA թիմը բարձր վստահությամբ նույնականացրեց թիրախի խոցելիությունները, և զենքերը նախագծվեցին ու տեղակայվեցին ցանկալի արդյունքին հասնելու համար», -ասել է նա։
Քեյնը հավելել է, որ MOP (Massive Ordnance Penetrator) ծրագրի սկզբում դրան մասնակցել են առաջատար մասնագետներ, դրանց թվում՝ գիտությունների տասնյակ դոկտորներ։ «Ինչ-որ պահի մենք գաղտնի դարձանք երկրի գերհամակարգչային ռեսուրսների ամենամեծ սպառողները», -ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի միջուկային ռազմական ծրագիր իրականացնելու մեջ։ Հարձակումների թիրախներն էին միջուկային կենտրոնները, ավիաբազաները, բարձրաստիճան զինվորականները և հայտնի միջուկային ֆիզիկոսները։
Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխանել է հարվածներով։ 12 օրվա ընթացքում երկու կողմերը փոխադարձ հարձակումներ իրականացրին, որոնց վերջին փուլում միացավ նաև Միացյալ Նահանգները՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա ավիահարված հասցնելով Իսլամական Հանրապետության միջուկային ենթակառուցվածքներին։
Ի պատասխան՝ հունիսի 23-ի երեկոյան Իրանը հրթիռներ արձակեց Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայի վրա, որից հետո հայտարարեց, որ մտադիր չէ իրավիճակը էլ ավելի սրել։
