Իշխանությունների այս շարժումն ուղղված է հայ ինքնության երաշխավոր հանդիսացող կառույցին․ Մելիքյան

«Ցավն այն է, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելով, այսօրվա իշխանությունները իրենք են հենց ձեռնարկել այս շարժումը։Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Վահագն Մելիքյանը։

«Բնականաբար մանիպուլյատիվ մոտեցումներով պիտի ցույց տան, որ սա Եկեղեցու դեմ չէ, եւ Եկեղեցուն, որպես կառույց, ուղղված չէ, այլ ուղղակի անհատներին՝ թիրախավորելով ուղղակի Վեհափառ Հայրապետին եւ նաեւ բարձրաստիճան հոգեւորականներին, բայց միտումը շատ պարզ է, եւ որեւէ թաքցնելու բան էլ չկա։

Սա ուղղակի ուղղված է հենց բուն կառույցին, բուն ինստիտուտին, հայ ինքնության հետ ուղղակիորեն կապված կամ հայ ինքնության երաշխավոր հանդիսացող կառույցին այ ամեն ինչը թուլացնելու, դիմադրողականությունը իջեցնելու եւ ընդհանրապես էնպես անելով, որ հասարակությունը այս խորը անտարբերության մեջ շատ ավելի անտարբեր դառնա, հաղորդակից չլինի, չխորանա, չմտածի, թե ինչ սպառնալիքների, վտանգների առջեւ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը», — նշել է Վահագն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ հայի ինքնությունը իշխանություններին խանգարում է իր համերաշխությամբ եւ ուժով։

«Որովհետեու երբ ճանաչում ես ինքնությունդ եւ ընդունում ես ինքնությունդ, դրա մեջ պարփակված է ամեն ինչ․ հավատ, պատմություն, ժառանգություն, դարերի խորքից եկող նույն ավանդույթներ։ Եւ սա միայն ու միայն միասնականությանը միտված գաղափար պիտի լինի։ Այս միասնականությունը պիտի ջարդեն։ Համերաշխությունը պիտի ջարդեն, պատառոտեն, պատառիկների բաժանեն, որպեսզի ավելի հեշտ լինի կուլ տալ», — ասել է նա։

Մելիքյանը շեշտել է, սակայն, որ դա միանշանակ չի հաջողվելու իրագործել։

«Եւ այսօրվա մեր կլոր սեղանն էլ հենց միտված է դրան ավելի եկեղեցու դերակատարության, պետականաշինության, արտաքին հարաբերություններ ունեցած բարձր եւ լրջագույն դերի մեր դեսպանությունների ստեղծման իսկ օրվանից օտար ափերում սերտ համագործակցության նպաստի, աջակցության նեցուկ լինելու եւ այլն», — ասել է նա։