«Այն հռետորաբանությունը, որը Նիկոլ Փաշինյանը դրսևորում է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ոչ միայն անընդունելի է, ամոթ է ցանկացած հայ մարդու համար, հավատացյալ լինի, թե աթեիստ, որովհետև Հայ առաքելական եկեղեցին ամեն ինչից զատ նաև այն ինստիտուտն է, որը այս ազգը 1700 տարի պահպանել է»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Գյումրու ավագանու «Հզոր համայք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Փորձը ցույց տվեց, որ մեր անկախ պետության 30 տարվա ստեղծված համակարգերը առաջին իսկ ցնցմանը չդիմացան, 2018 թվականի մասին է խոսքը, իսկ եկեղեցին 1700 տարվա ընթացքում զբաղվել է ամեն ինչով՝ ազգապահպանություն, մշակույթի պահպանում, լեզվի պահպանում։ Ըստ այդմ, եթե դու յոթ տարի կառավարում ես երկիրը, ունես քո ենթակայության տակ ուժային բոլոր կառույցները, և եթե նույնիսկ ունես որոշակի տվյալներ կամ փաստեր, որոնց մասին դու խոսում ես, ազգի, պետության ու ազգայինի մասին մտածող մարդը կփորձեր այդ հարցերը չբարձրաձայնել, այլ Հայ առաքելական եկեղեցու հետ լուռ հարաբերվելու միջոցով իր հարցերի պատասխանները ստանալ:
Եթե յոթ տարի դրա մասին չի խոսվել ու խոսվում է հենց այս պահին, և վերջին երեք-չորս տարիների ընթացքում բոլոր սոցիոլոգիական տվյալներով հայ առաքելական եկեղեցին ամենաբարձր վստահությունը վայելող համակարգն է, ու 2026 թվականի ընտրություններին քիչ ժամանակահատված է մնացել, իսկ տվյալ անձնավորության վարկանիշն էլ բոլորս գիտենք շրիշակի մակարդակի է, ապա մնում է ընդամենը մի բան, նաև չմոռանանք այսօր որտեղ է գտնվում տվյալ անձնավորությունը, հերանց տուն է գնացել (նկատի ունի Թուրքիան–խմբ), ամենայն հավանականությամբ հայրական հորդորներ կստանա և կգա ու կփորձի ինչ-որ բաներ իրականացնել։
Այս ամբողջը հաշվի առնելով, հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա ոչ այլ ինչ են, քան հավանական խանգարող հանգամանքի բացառումը, չեզոքացումը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Այդ մարդը կռվում է սեփական իշխանությունը զուտ երկարացնելու կամ վերարտադրվելու համար»,– ընդգծել է Ռուբեն Մխիթարյանը։
