Հայկ Մամիջանյանը հայտնել է՝ երբ են պատրաստվում իմպիչմենտի ստորագրությունները մուտք անել ԱԺ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:  «Թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, և այդ ձևաթղթի տակ առկա է վեց ստորագրություն»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

««Հայաստան դաշինքը» թե ինչ է պատրաստվում անել, կհայտարարի ինքը՝ «Հայաստան» դաշինքը, բայց  համենայնդեպս վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին այս պահին միացել են վեց պատգամավոր»,– հավելել է նա։

Հայկ Մամիջանյանը վստահեցրել է՝ շարունակելու են ստորագրություններ հավաքել և դրանք մուտք են անելու ԱԺ ոչ թե 36-ի լրանալուն պես, որը օրենքով սահմանված մինիմումն է, այլ շարունակելու են՝ ավելի իրատեսական դարձնելու համար և այն ժամանակ, երբ ավելի շոշափելի ձեռքբերումներ լինեն։

Նրա խոսքով ՀՀԿ-ն երբեք առանց ծրագրի չի գործում և որ իրենք հավատում են, որ նախաձեռնությունը հասնելու է իր նպատակին։

Հիշեցնենք, որ խմբակցությունը որպես վարչապետի թեկնածու առաջադրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այս պահին բանակցություններ են ընթանում «Հայաստան» խմբակցության հետ: Հայկ Մամիջանյանը նշեց նաև, որ գորընթացը պետք է ուղեկցվի փողոցային պայքարով։