Մենք թեոկրատիկ երկիր չենք, մենք աշխարհիկ երկիր ենք: Այսինքն՝ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնելու հոգևոր աշխարհ: Ես գտնում եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հայոց եկեղեցու հանդեպ, շատ մեծ սխալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Այստեղ տարբերակենք Հայոց Եկեղեցին և եկեղեցականի հարցը: Նախ նորից եմ ասում՝ վարչապետ ես, ինչ ես, չգիտեմ, վարչապետն իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ: Բացարձակապես դա հոգևոր դաշտի տիրույթն է: Եթե դժգոհություն կա՝ դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունը և ժողովուրդը:
Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա: Նիկոլ Փաշինյանը փորձում է հակապետական գործ անել, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր գործողությունների համար»,– ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը Եկեղեցին է․
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի՝ ամեն գնով խաղաղության պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման, նորից իշխանության ուզուրպացման գործին»:
Պատգամավորը վստահեցրել է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև «անկախ նրանից, որ նախորդ տարիներին ինչ է արվել կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է և նա պետք է հեռանա»: