Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ դատական ֆարսը: Այսօր Ռուբեն Վարդանյանի գործով 20-րդ նիստն է:
Անցած շաբաթ Ռուբեն Վարդանյանի ընկերները, նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ, կազմակերպել էին «Երկխոսություն Ռուբենի հետ» քննարկումը, որի ընթացքում ներկայացվել է նաև դերասան, ռեժիսոր Վարդան Պետրոսյանի տպավորիչ տեսանյութը, քանի որ նա այդ օրերին Հայաստանում չէր և որոշել էր քննարկմանը մասնակցել տեսանյութով: NEWS.am-ը միջոցառման կազմակերպիչներից ստացել է այդ տեսանյութը:
«Ռուբեն Վարդանյանին այնտեղ պահում են որպես քաղաքական հաշվեհարդարի զոհ՝ նվաստացնելու համար ոչ թե միայն իրեն, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, ինչքան էլ շատերը չուզեն լսել այդ մասին, այլև՝ հայությանը: Սա նրանց սովորական քաղաքական քայլերից է: Նրանք փորձում են հոգևոր իմաստով ծնկի բերել հայ մարդուն: Նրանք փորձում են հոգեբանորեն ջարդել մարդուն:
…Երբ մարդ ազատ է նյութական կաշկանդող օրենքներից, երբ նա հոգով-մարմնով կապվում է արդեն Աստծո հետ, նա դառնում է իրապես ազատ մարդ, և ես կարծում եմ, Ռուբենն այսօր այդ հոգեվիճակում է: Ինչքան սեղմում են, ինչքան ցավեցնում են, Աստված իր զորությունները շատացնում է: Ինչքան մեծ է մարդը, այնքան դառն են զրկանքները: Ասում են չէ՝ մեծ նավին մեծ ճանապարհ, մեծ նավի վրա մեծ քարեր են գցում: Ռուբենին մեծ քարերով են խփում: Դրա համար մենք նրան պիտի մաղթենք ուժ, կորով, կարողություն, որպեսզի նա դիմակայի»,- մասնավորապես ասել է Վարդան Պետրոսյանը:
