Ծխախոտից Հայաստանում տարեկան 5500 մարդ է մահանում.․․

Տարեկան 8 մլն մարդ աշխարհում մահանում է ծխախոտի եւ հարակից արտադրանքի օգտագործումից, ինչպես նաև 1 մլն մարդ մահանում է ծխախոտի երկրորդային ազդեցությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, «Աշխարհն առանց ծխախոտի» համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան։

«Մենք ուզում ենք դիմել հասարակությանը, այսօրվա ու գալիք սերունդներին, որ տեղեկացված լինեն ծխախոտից ծագող հիվանդությունների մասին։ Մասնավորապես, 20 տեսակի քաղցկեղ է առաջացնում ծխախոտը։

Աշխարհում ծխախոտի հսկայական աճ է գրանցվել. 37 մլն 13-15 տարեկան պատանիներ ներկայումս ծխախոտ են օգտագործում, եւ սա շատ մեծ մտահոգություն է։ Այս պրոդուկտների մասին երիտասարդները հիմնականում տեղեկանում սոցցանցների միջոցով, նաեւ կան ինֆլուենսերներ, որոնք տեղեկացնում են երիտասարդներին այս ամենի մասին։ Այժմ նաեւ համային հավելումներ են ի հայտ գալիս, ներկայացվում է ծխախոտը որոշակի համային հավելումներով, որը ներկայացվում է որպես ավելի պակաս վտանգավոր, ավելի լավը։ Այստեղ անհրաժեշտ է ԱՆ առաջնորդությունը, որպեսզի այս համային հավելումները եւս արգելվեն։ Ես ցանկանում եմ որ միայն ՀՀ կառավարության հանձնառությունը այս ուղղությամբ, այլեւ առաջնորդությունը»,–ասել է նա։

Սիդարթա Սանկար Դատտան նկատել է, որ Հայաստանն առաջինն է եղել այն երկրներից, որոնք վավերացրել են ծխախոտի մասին շրջանակային կոնվենցիան. «Ծխախոտը Հայաստանում հանգեցնում է տարեկան 5500 մահվան։ Կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք, որ բոլորս համախմբվենք եւ պայքարենք ծխախոտի ազդեցության դեմ, որ մեր երեխաների համար հասանելի չլինեն ծխախոտային արտադրանքները»։