Hraparak.am-ը օրեր առաջ գրել էր, որ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Շիրակի մարզ եւ հնարավոր է՝ շրջանցի Գյումրին։ Այսօր նա այցելեց Շիրակի մարզ, նախ եղավ Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում, ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերով կառուցված մանկապարտեզներին, հետո այցը սահմանափակեց Գյումրու Զանգակ մանկապարտեզով։ Փաշինյանին հենց Արթիկ համայնքում դիմավորեցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և այլ պաշտոնյաներ։ Ուշագրավ է, որ նախորդ այցերի ժամանակ ընդունված էր մարզպետարանում կազմակերպել հանդիպում համայնքների ղեկավարների հետ, որը ներառում էր նաև աշխատանքային խորհրդակցություն։
Մեր տեղեկություններով, սակայն, Փաշինյանը հրահանգել է մարզպետին իրեն դիմավորել Արթիկ համայնքում, քանի որ մտադիր չէ մարզպետարան մտնել, որևէ հանդիպում համայնքի ղեկավարների հետ չի նախատեսում։ Նման հանդիպման դեպքում կհրավիրվեր նաև Գյումրիի նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հետաքրքրական է՝ վարչապետը այս քայլով նպատակաուղղված խուսափեց Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումից, թե․․․․ ։
Հիշեցնենք, որ Hraparak.am-ը Գյումրու քաղաքապետարանից փորձել էր ճշտել՝ արդյոք վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է որևէ հանդիպում քաղաքապետի հետ։ Մեր հարցմանը Գյումրու քաղաքապետարանից պատասխանել էին, որ վարչապետի աշխատակազմից նման տեղեկատվություն չեն ստացել։
Նշենք, որ սա Փաշինյանի առաջին այցն էր Շիրակի մարզ՝ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվեց ձևավորել քաղաքային իշխանություն։ Քաղաքապետ ընտրվեց չորս ընդդիմադիր ուժերի աջակցությամբ առաջադրված թեկնածուն՝ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ակնհայտ է, որ իշխանությունն ընտրության արդյունքների հետ դեռևս չի համակերպվում։
«Հրապարակ»
