Գազավորված ըմպելիքներից, էներգետիկ ըմպելիքներից և մրգահյութերից ստացված շաքարն ավելի շատ է մեծացնում 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, քան սննդամթերքից ստացված շաքարը։ Այս եզրակացությանն են հանգել Բրիգամ Յանգի համալսարանի (BYU) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advances in Nutrition բժշկագիտական հանդեսում։
Գիտնականները վերլուծել են աշխարհի ավելի քան կես միլիոն մարդկանց սննդակարգի տվյալները և պարզել, որ շաքարի տեսակը և աղբյուրը շատ ավելի կարևոր դեր են խաղում, քան ավելի վաղ ենթադրում էին։
Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ օրական նույնիսկ մեկ 350 մլ քաղցրացված ըմպելիքի օգտագործումը 25%-ով մեծացնում է շաքարախտի զարգացման վտանգը։ Նույնիսկ բնական մրգահյութերը, դրանց թվում՝ 100%-անոց հյութը, նեկտարները և հյութային ըմպելիքները, այդքան էլ անվնաս չէին. մեկ 240 մլ չափաբաժնի օրական օգտագործումը հիվանդության առաջացման վտանգը մեծացնում էր 5%-ով։
Հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը հարաբերական վտանգի մասին է, այլ ոչ թե բացարձակ թվերի։ Այսպես, եթե մարդու շաքարախտի առաջացման սկզբնական վտանգը 10% է, օրական չորս բաժակ գազավորված ըմպելիք խմելը կարող է այն մեծացնել և հասցնել մինչև շուրջ 20%:
Գիտնականները ենթադրում են, որ պատճառը լյարդի վրա ըմպելիքներից առանձնացված շաքարների առաջացրած նյութափոխանակության ծանրաբեռնվածությունն է։ Դրանք արագորեն ներծծվում են՝ գլյուկոզի կտրուկ ցատկ, լյարդում ճարպի կուտակում և ինսուլինային դիմադրության զարգացում առաջացնելով։
Միևնույն ժամանակ, բարձր սննդային արժեք ունեցող սննդամթերքներում՝ մրգերում, անքաշ կաթնամթերքում, անխառն հացահատիկներում պարունակվող շաքարը նման ազդեցություն չի առաջացնում։ Այդ «ներկառուցված» շաքարներն օրգանիզմ են մտնում մանրաթելերի, սպիտակուցների, ճարպերի և այլ սննդանյութերի հետ միասին՝ դանդաղեցնելով դրանց յուրացումը և նվազեցնելով գլիկեմիկ բեռը (glycemic load- ածխաջրերի աղբյուրը և քանակը հաշվի առնող ածխաջրերի սպառման ազդեցության գնահատման համեմատաբար նոր եղանակ -խմբ.)։
