Վերջին շրջանում նոր «խաչակրաց» արշավանք է սկսվել «նախկինների»՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ: Ակտիվացել են տարբեր «տրամաչափի» հայտնի ու անհայտ գործիչներ, ովքեր կարծիք են հնչեցնում, թե Փաշինյանին հեռացնելուն խանգարում են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Իբր, մարդիկ վախենում են նրանց վերադարձի «ահավոր» հեռանկարից, դրա համար գերադասում են՝ Նիկոլը մնա, քան՝ նախկինները ետ գան: Ինչ-որ չափով՝ այո, «նախկինացավ» մտել է շատերի մեջ ու դուրս չի գալիս: Փաշինյանը իր մնալու ամեն օրում թշնամու ոտքը բերում ու պնդացնում է ՀՀ տարածքում: Ասել է թե՝ ավելի լավ է թուրքը գա, քան՝ նախկինները: Փաշինյանն իշխանության եկավ նախկինների դեմ «դասակարգային» պայքարի միֆով, խոստանալով, թե՝ «կոպեկ առ կոպեկ», «քաբաբ առ քաբաբ» նրանց կերածները ետ ենք բերելու: Դե, մեր միամիտ Պողոսներն էլ մինչեւ հիմա սպասում են, թե երբ է իրենց հասնելու նախկիններից ետ բերած քաբաբը: Ու այդպես էլ այն տեղ չի հասնում: Պողոսի աչքին հերոս դառնալու համար Փաշինյանը ստեղծեց իր հակահերոսները՝ նախկինների կերպարով: Ու դա իր մոտ լավ ստացվեց: Անիմաստ է թվարկել, թե ինչ առավելություններ ունեին նախկինները, որից զուրկ է Փաշինյանը: Անիմաստ է նաեւ խոսել նախկինների սխալներից, որոնց արդյունքում ծնվեցին Նիկոլներ: Դրանց մասին խոսել ենք բազմիցս, խոսել ենք նաեւ այն ժամանակ, երբ նրանք նախկին չէին, այլ՝ ներկա:
Հիմա, երբ Բագրատ Սրբազանը կարողացավ կոսնոլիդացիա ստեղծել ընդդիմադիր քաղաքական դաշտում եւ դարձավ այդ դաշտի «մերանը», որոշ մարդիկ նորից սկսել են քարկոծել նախկիններին: Այո, Սրբազան շարժումը այս ընթացքում որոշակիորեն թուլացավ՝ տարբեր հանգամանքերով պայմանավորված: Հատկապես՝ հունիս 12-ին ԱԺ-ի առջեւ տեղի ունեցածից հետո, երբ ցուցարարների մեջ պայթեցվեցին լուսաձայնային նռնակներ, բռնության ենթարկվեցին ու խոշտանգվեցին պայքարի առաջամարտիկները: Իսկ շատ ընդդիմադիրներ ենթարկվում են իրավական հետապնդումների: Այս ամենն, ինչ խոսք, ազդել է շարժման վրա: Եվ դրա թուլացումը կապել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, արդար չէ: Նախկին նախագահները ընդդիմադիր պայքարի մեջ էին նաեւ մայիսի իննին ու դրանից հետո: Եւ դա գաղտնիք չէր, ոչ ոք չէր թաքցնում դա:
2020-ից հետո հաճախ են հնչել նման կարծիքներ, որ նախկին նախագահների ներկայությունն է խանգարում, որ «իսկական» ընդդիմությունը Փաշինյանին հեռացնի: Եղավ որոշակի շրջան, որ երկու նախագահներն էլ «գնացին տուն», իրենց հետ տուն տանելով նախկինների վերադարձի վախը: Սակայն, այդ ընթացքում ոչ ոք չկարողացավ ընդդիմադիր դաշտը ակտիվացնել, հրապարակ հանել մարդկանց, ըննդիմության ձայնը լսելի դարձնել, էլ ուր մնաց՝ Փաշինյանին հեռացնեն: Բազմիցս համոզվեցինք, որ երբ լռում են երկու նախագահները, լռում է նաեւ ընդդիմադիր հրապարակը: Այդ պարագայում նորից էին երկու նախագահները քննադատվում: Այս անգամ՝ անտարբերության համար. թե՝ «մտել են «մարաղ», չեն մտահոգվում Հայաստանի ապագայով, իրենք իրենց «թալանածն» են վայելում, հայրեիքի մասին չեն մտածում… եւ այլն…»: Այո, նախկին նախագահների լռությունն անթույլատրելի է: Ինչպես անհասկանալի ու անթույլատրելի է առաջին նախագահի պասիվությունն ու լռությունը: Ի վերջո, Հայաստանը փորձադաշտ չէ, որ նորից անփորձ ու անհայտ ծագումով մարդիկ գան հրապարակ, պապուլիստական ելույթներ ունենան, մարդկանց ուղեղները լվանան եւ երկիրը տանեն գցեն փոթորիկների մեջ: Նախկին նախագահների լռությունը աններելի կլինի, նրանք կդառնան այս իշխանության համահանցակիցները: Որպես պետական գործիչներ, ովքեր քաջատեղյակ են մինչ Փաշինյանը եղած բանակցային բոլոր նրբություններից, գիտեն դիվանագիտության լեզուն, պետականաշինության նրբությունները, նրանք պարտավոր են խոսել: Փաշինյանի ստերն ու կեղծիքները միայն իրենք ու իրենց հետ աշխատած մասնագետները, դիվանագետներն ու գործիճենրն են կարողնաում բացահայտել:
Բագրատ Սրբազանին քննադատել այն բանի համար, որ իր կողքին կան նախկինների «վստահված» անձինք, արդար չէ: Որքան էլ սիրենք կամ ատենք «Սերժին» ու «Ռոբին», նրանք ունեն ոչ միայն ֆինասնական եւ իմֆորմացիոն ռեսուրներ՝ հասարակությանը տեղեկացնելու երկրի անվտանգային իրավիճակից, այլ ունեն նաեւ մարդկային ռեսուրնսենր, իրենց վստահողների եւ հետեւողների մեծ բանակ: Առանց այդ բոլոր ռեսուրսների ոչ մի ընդդիմադիր չի կարող պայքար ձեւավորել: Ի վեջո, Հայաստանը փոքր երկիր է, եւ որեւէ մեկը, անգամ եթե նա Սրբազան է ու բարձրյալի հետ կապերը լավ են, չի կարող երկնքից նոր մարդիկ իջեցնել, որոնք որեւէ կապ չունենան նախկին որեւէ նախագահի հետ: Փոքր Հայաստանում գրեթե բորոը նախկին են, կամ ՝ նախկինի նախկին:
Դեռ ավելին. «նախկիններից» պետք է պահանջել ոչ միայն չլռել, այլեւ՝ ավելի թեժացնել ընդդիմադիր պայքարը, դադարեցնել իրենց դաշինքների պատգամավորների ներկայացումները ԱԺ-ում՝ վայր դնելով մանդատները՝ ապալեգիտիմացնելով այս ԱԺ-ի գոյությունն ու ընդունած օրենքներն ու որոշումները:
Նաիրա Վանյան
