«Այսօրվա իշխանությունների համար անկախությունը բարձրագույն արժեք չէ». Արամ Մանուկյան

«Այս օրը պետական տոն է, բայց պետականորեն չի նշվում, չի գովազդվում, որովհետև այսօրվա իշխանություններն անկախական չեն, անկախությունը բարձրագույն արժեք չէ նրանց համար»: Այս մասին այսօր` մայսի 28-ին կայացած «Անկախության գործընթացը և առկա մարտահրավերները» թեմայով բանախոսության ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Առաջին հանրապետությունը արժանապատվության կղզյակ է հայ ժողովրդի համար, 2.5 տարվա ընթացքում 40 երկիր ճանաչել է Հայաստանի անկախությունը: Եթե չլիներ առաջին հանրապետությունը, հավանաբար, չէր լինի 3-րդ հանրապետությունը, որտեղ մենք ապրում ենք: Պետության անհրաժեշտությունն ու կարևորությունը մատուցելը մի կուսակցության գործը չէ, պետության գործն է: Ցավոք սրտի, այսօրվա իշխանությունները դա չեն անում, ստիպված մենք ենք անում: Մենք գրքեր ենք հրատարակում, ֆիլմեր ենք ցուցադրում, անգամ այսօրվա իշխանությունը չի ցուցադրում դա: Հանրային հեռուստաընկերությունը պատվիրում է անկախության մասին ֆիլմ նկարահանել, հետո չի ցուցադրում այդ ֆիլմը, արգելում է»,-ասել է Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով 3-րդ հանրապետության ձևավորմանը, Արամ Մանուկյանն ասել է.

«1988 թվականը նպաստավոր էր շարժում սկսելու և անկախության հասնելու համար: Եթե մեզնից առաջ Սովետական Միության այլ երկրներ չգնային այդ ճանապարհով, գուցե մեզ էլ չհաջողվեր: Պահը նպաստավոր էր հաջողության հասնելու համար, բայց եթե մենք էլ ակտիվ չլինեինք, անկախության հասնել չէր հաջողվի»:

Արամ Մանուկյանի խոսքով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չընտրվեր գերագույն խորհրդի նախագահ, Հայաստանում անկախության հանրաքվե տեղի չէր ունենա։

«3-րդ հանրապետության խորհրդանիշները գեղարվեստական առումով իդեալական չեն, բայց դրանց հիմքում արժեքներ են դրված, նպատակը առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթներն ու ժառանգությունը 3-րդ հանրապետության ստեղծման հիմքում դնելն էր։ Մանկամիտներ կան՝ Ալեն Սիմոնյանով, Նիկոլ Փաշինյանով սկսած, որոնց թվում է, թե այդ ժառանգությունը պակաս կարևոր է քան նոր հիմն գրելը»,-ասել է Մանուկյանը: