Մեր ժողովրդին պետք չէ դարձնել կռվից վախեցող, էս հողը կռվով է պահվել. Ավետիք Չալաբյան

Այսօրվա խորհուրդը շատ կարևոր է, ֆունդամենտալ է և կարելի է ասել, որ ժամանակի մեջ անանցանելի է այդ խորհուրդը. Առաջին Հանրապետությունը ստեղծվել է ճակատագրական, օրհասական օրերին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը։

«Տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը, Օսմանյան զորքերը երեք ամսում գրավել էին ամբողջ արևմտյան Հայաստանը, ռուսական զորքերի դուրս գալուց հետո, ներխուժել էին արևելյան Հայաստան և ըստ էության նպատակադրվել էին մինչև վերջ հասցնել հայ ժողովրդի բնաջնջման իրենց հրեշավոր ծրագիրը։

Եթե այդ ճակատամարտերում հայերը պարտվեին, վերջին մեր ամրոցը՝ Երևանը ,ընկնելու էր շրջապատման մեջ, և մենք չգիտենք, թե մենք այսօր այստեղ կանգնած կլինեինք ընդհանրապես, թե չէ, ընդհանրապես Հայաստան կլիներ քարտեզի վրա, թե չէ։ Սա իսկապես ճակատագրական պահ էր, և մեր ժողովրդի բոլոր հատվածները այդ օրը կարողացան միավորվել։ Այդ օրը կռվել են և կանոնավոր ստորաբաժանումները հայկական նորաստեղծ բանակի, և կամավորները արևմտյան Հայաստանից և Արցախից եկած, և տեղական աշխարհազորը։ Մասնավորապես ապարանցիները 3.5-4 հազար աշխարհազորային են տվել։ Դա իրական համախմբման օրինակ էր։

Երկրորդ կարևոր խորհուրդն այն է, որ այս հողը կռվով և արյունով է պաշտպանվել։ Երբ խոսում են նրա մասին, որ այս իրական Հայաստանն է, որ այս 29 743 քառակուսի կիլոմետր է և այլն, եկեք հիշենք այդ 29 7403–ն էլ կռվով է պաշտպանվել։

Անընդհատ մեր ժողովրդի գլուխը մտցնել, որ կռվելը վատ է, կռվելը վատ է, մեր ժողովուրդը պետք է հիշի, իր այսօրվա ապրելու իրավունքը, իր անկախությունը, իր ազատությունը, ինքը կռվելով է հենց նվաճել։ Աստված չանի, իհարկե, եթե նոր կռիվ լինի, մեր ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինի դիմագրավել թշնամուն։

Եվ երրորդ խորհուրդը, որի մասին ես կուզենայի ասել. այդ երեք ճակատամարտերը՝ Բաշ Ապարանը, Սարդարապատը և Ղարաքիլիսան, կռվել են իսկապես գերակշիռ թուրքական զորքի դիմաց։ Բանակի հրամանատարությունը, ի դեմս Թովմաս Նազարբեկյանի, պատրաստ էր հանձնվել, բայց այդ պահին առաջ են եկել մարդիկ, ինչպիսիք են լեյտենանտ Գարեգին Նժդեհը, կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը, եզդի առաջնորդ Ջահանգիր Աղան, ապարանցի Սեդրակ Ջալալյանը, մարդիկ, որոնք նույնիսկ ռազմական բարձր ղեկավարություն չեն եղել և ասել են՝ ոչ, այստեղ որոշվում է հայ ազգի ճակատագիրը, և մենք չենք նահանջելու։ Ուստի այսօր մենք պետք է մեր գլուխը խոնարհենք այդ հերոսների, սխրանքի առաջ, նրա առաջ, որ իրենք հրամանին չեն ենթարկվել, բայց հրամանին չենթարկվելով փրկել են մեր ազգը, մեզ բոլորից տվել են ապրելու իրավունք։ Կեցցեն այդ հերոսները և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,– հայտարարել է Չալաբյանը։