Առաջիկա տարիներին Ադրբեջանն ու Հայաստանը կհյուրընկալեն Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) գագաթնաժողովները։
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
Նa իր «X» էջում նշել է, որ գագաթնաժողովը կհյուրընկալեն Հայաստանը և Իռլանդիան 2026 թվականին, Շվեյցարիան և Հունաստանը՝ 2027 թվականին, իսկ Ադրբեջանն ու Լատվիան՝ 2028 թվականին։
Ադրբեջանական կողմը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել որոշման վերաբերյալ: Իսկ մինչ Ալիեւը կորոշի՝ արժե թե ոչ, որ իր երկրում նման միջոցառում անցկացվի, Նիկոլ Փաշինյանը շտապեց ուրախանալ եւ իր «X» էջում «ողջունել» 2028 թվականի գագաթնաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։
Հիշեցնենք, որ ASB-ի վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալբանիայում մայիսի 16-ին: Գագաթնաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հանդիպել է Փաշինյանի և այլ առաջնորդների հետ:
Անգամ ընդդիմադիր ադրբեջանցիների համար զավեշտալի ու դատապարտելի է գագաթնաժողովը Ադրբեջանում անցկացնելու՝ Եվրոպայի քաղաքական միության որոշումը: Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Էլման Ֆաթթահը դատապարտել է ASB գագաթնաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։
«Եվրոպական քաղաքական միության որոշումը՝ 2028 թվականի գագաթնաժողովը Ադրբեջանում՝ Իլհամ Ալիևի ավտորիտար կառավարման ներքո անցկացնելու վերաբերյալ, ոչ միայն դիվանագիտական սխալ է, այլև դավաճանություն այս միության արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ։ Այս որոշումը ներկայացնում է այն կետը, որտեղ Եվրոպական քաղաքական միությունը օրինականացնում է համագործակցությունը ավտորիտար ռեժիմների հետ», — գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում։
Մեկնաբանը հավելել է, որ այս որոշմամբ եվրոպացի առաջնորդները աջակցում են Իլհամ Ալիևի կառավարությանը, որը քաղաքացիական հասարակության և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների քաղաքականություն է վարում։
«Սա նաև նեղ մտածողության ևս մեկ օրինակ է։ Մի կողմից՝ Եվրոպան, որը քննադատում է ռուսական ավտորիտարիզմը և արցունքներ թափում Ուկրաինայի համար, մյուս կողմից՝ էներգետիկ շահերի համար ընդունում է Ալիևի նման ավտորիտարի։ Այս վարքագիծը ոչ միայն ամրապնդում է Ալիևին, այլև ուղերձ է հղում ամբողջ աշխարհին. Եվրոպական քաղաքական միության համար ժողովրդավարությունը միայն թղթի վրա է, մինչդեռ գործնականում գազատարներն ու աշխարհաքաղաքական համաձայնագրերը ամեն ինչից վեր են», — ասել Է. Ֆաթթահը։
Նա կարծում է, որ գագաթնաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կհանգեցնի երկրի քաղաքական ընդդիմության վրա հետագա ճնշման և կխաթարի ժողովրդավարական փոփոխությունների հույսերը։
