Ո՞Վ «ԲԱՑԵՑ» ԷՐԴՈՂԱՆԻ ԼԵԶՈՒՆ

Վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հռետորաբանությունն ու խոսույթը այնքան է «բարիացել», որ թվում է, թե լսում ենք աշխարհի ամենախաղաղասեր ու ամենաժողովրդավար երկրի առաջնորդին: Նա խաղաղասիրության ու համերաշխության կոչ է անում պատերազմող տարբեր երկրների՝ չմոռանալով քննադատության սլաքն ուղղել իր ոչ բարեկամ երկրներին: Դատապարտում է տարբեր երկրներում ազգամիջյան հողի վրա տեղի ունեցող ցեղասպանությունները, պատերազմները, մոռանալով, որ իր ղեկավարած երկիրն է բոլոր հարեւան երկրների հետ պատերազմելով տարածքներ բռնազավթել: Զավեշտն այն է, որ Սիրիայում եւ Պակիստանում տեղի ունեցող ցեղասպանությունների դեմ խոսում է մի երկրի ղեկավար, ով 1915թ-ի ցեղասպանության իրավահաջորդն է, որը մինչ օրս չի ճանաչել իր նախկինների գործած ոճիրը եւ ներողություն չի հայցել: Խոսում է մի մարդ, ում անմիջական մասնակցությամբ ու հովանավորությամբ 2020-ին Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, իսկ մարդուն մորթելիս նկարահանում ու տարածում էին համացանցում՝ որպես «հերոսության» դրսեւորում: Եւ բազմաթիվ նման դրվագներ:

Հիմա, էրդողանը, փոխարենը ցեղասպանություն, դաժանություն, ահաբեկչություն բառերը լսելիս  գլուխը թաքցնի, բաց ճակատով դրանց դեմ «քարոզչությունն» է անում: Էրդողանի խոսույթը այս ակնհայտ փոփոխությունը կրել է վերջին տարիներին: Դրա հնարավորությունը նրան տվել է ՀՀ այսօրվա իշխանության ղեկին նստած Փաշինյան Նիկոլը, ով սկսեց կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության փաստը, ուրացավ Արարատը, հայերից գողացված Արեւմտյան Հայաստանն ու Արցախը:Ուրացավ ու երջանկացած կրծքին ամուր սեղմեց Էրդողանի հեղինակած գիրքը:

Ասել, թե Փաշինյան Նիկոլն այնքան ուժեղ տղա է, որ կարող է Էրդողանի լեզուն բացել կամ փակել, ծիծաղելի կլինի: Նա անգամ մի կնոջ չի կարող լռեցնել: Սակայն, Էրդողանի լեզուն, խոսույթը ժամանակին բավականին զուսպ էր՝  պատմական մեղքի բեռից. ՀՀ նախկին իշխանությունների օրոք հայ դիվանագետները, պաշտոնյաները, պատգամավորները համաշխարհային տարբեր ամբիոններից բարձրաձայնում էին պատմական տարբեր ժամանակաշրջաններում թուրքերի ու ադրբեջանցիների կողմից  հայերի հանդեպ թույլ տված ցեղասպանությունների ու բարբարոսությունների մասին: Իսկ դա պաշտոնական Անկարային բավականին անհարմարավետության մեջ էր պահում: Սակայն, ուրացման գնացող այսօրվա իշխանավորները բացել են Էրդողանի լեզուն:

Էլ այսքանից հեո ո՞վ կարող է Էրդողանին ասել՝ աչքիդ  վերեւը հոնք կա, իսկ թուրքերը ցեղասպան ազգ են:

Էրդողանը հիմա էլ սկսել է ներքին խաղաղության քարոզ տանել՝ իր ընդդիմադիրներին մեղադրելով ատելության խոսքի ու պառակտման մեջ:

«Լարվածությունը, բևեռացումը, ատելության խոսքը տեղ չունեն մեր քաղաքական բառապաշարում։ Բռնությունը գովաբանելը և փողոցները հրկիզելը քաղաքականության այն ոճը չէ, որը մենք կհամարեինք լեգիտիմ: Մենք մերժում ենք փողոցային խոսակցություններով քաղաքականությամբ զբաղվելը, աջ ու ձախ մարդկանց վիրավորելը, երկարացված միկրոֆոններով մարդկանց սպառնալը։ Սրանք կարող են լինել միայն սնանկացածների քաղաքական ոճը։ ԱԶԿ-ն իր քաղաքական դիսկուրսում կխուսափի «կեղտոտ լեզվից և ստորությունից: Մենք թույլ չենք տա, որ քաղաքականությունը հայտնվի հակամարտության և թշնամանքի ճիրաններում: Մենք չենք հանձնվի ընդդիմության կողմից սնվող ատելության, զայրույթի և խռովության լեզվին».- մայիսի 25-ին Ստամբուլում կայացած միջոցառման ժամանակ ասել է Էրդողանը, մոռանալով, որ իր ղեկավարած Թուրքիան եւ նրա մասնաճյուղ Ադրբեջանը բռնապետական երկրներ են, որտեղ կան հարյուրավոր ազատազրկված լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ: Բայց, ինչպես ասում են, դա իրենց «տան» ներքին խնդիրն  է: Մեզ մտահոգում են մեր անվտանգության խնդիրները, որոնց համար լուրջ սպառնալիք են Էրդողանի ղեկավարած ցեղասպան Թուրքիան ու կրտսեր զավակ Ալիեւի Ադրբեջանը…

Նաիրա Վանյան