ՀՅԴ-ԻՑ ՄԻՆՉԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԲԱՔՎԻ ԿԵՂԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մայիսի 22-ին Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով հերթական կեղծ «դատական նիստը»:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նիստի ժամանակ ցուցադրվել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի 2016 թվականին տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցի տեսանյութը։ Տեսանյութում, Իշխանյանը, իբր, պատասխանելով լրագրողի հարցերին, խոսել է Ղարաբաղյան շարժման տարիներին Արցախում Դաշնակցության կողմնակիցների գործունեության մասին: Նույն տեսանյութում, Իշխանյանն, իբր, նաև պնդել է հետևյալը. «Իմ անձնական կարծիքն էլ այն է, որ ամենաճիշտ ուղին Ղարաբաղի վերջնական միացումն է Հայաստանին։ Սա պետք է լինի մեր գլխավոր և վերջնական արդյունքը։ Մենք հիմա անցումային շրջանում ենք։ Ինձ համար Ղարաբաղը և պատմական Հայաստանը նույնն են, ես դրանք միասին եմ տեսնում»։ Նշվում է նաև, որ դատական ​​նիստի ընթացքում ցուցադրվել է տեսանյութ, որտեղ պատկերված էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂ իշխանությունների ներկայացուցիչների միջև 1993 թվականին տեղի ունեցած հանդիպումը։

Այդ ժամանակ, ըստ նույն հաղորդագրության, Տեր-Պետրոսյանն, իբր, հիշեցնում է, որ Հայաստանը «ամենաբարձր անվտանգության երաշխիքներն» է տրամադրել Արցախին և ԼՂ բանակին: Ցուցմունք է տվել նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը. ըստ ԶԼՄ-ների պնդման, նա հաստատել է, որ մասնակցել է Լ. Տեր-Պետրոսյանի հետ այդ հանդիպմանը։ Ցուցմունքներ են տվել նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացակյանը՝ պատասխանելով Շուշիի ազատագրման մասին հարցերի: Դատավարությունը կշարունակվի մայիսի 23-ին։