Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, որոնք Հաղթանակի 80-ամյակի տարում ոչնչացրել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը և հետևողականորեն պղծում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը, պետք է արժանանան պատշաճ գնահատականի Ռուսաստանում։
Վերջին տարիներին մենք կանգնած ենք մի շարք մարտահրավերների առաջ, որոնց թվում է նաև խորհրդային ժողովրդի հերոսության և ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակում նրա դերի վարկաբեկման ու մոռացության ենթարկման փորձերը, այդ թվում՝ խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանների ոչնչացման միջոցով։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ այս պահին քննության մեջ են գտնվում քրեական գործեր, որոնք վերաբերում են 167 փաստերի՝ խորհրդային զինվորների ռազմական թաղումների, հուշարձանների և հուշակոթողների պղծման, ոչնչացման կամ վնասման՝ 15 եվրոպական պետությունների տարածքում՝ Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Լեհաստանում, Գերմանիայում, Չեխիայում, Հունաստանում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Ռումինիայում և Մոլդովայում։
Այս ամոթալի ցուցակում վաղուց պետք է լիներ նաև Ադրբեջանը, որի իշխանությունները հետևողականորեն իրականացնում են քաղաքականություն՝ միտված խորհրդային ժողովրդի հաղթանակի հերոսական էջերի հետ կապված հուշարձանների պղծմանն ու ոչնչացմանը։ Այս տարվա՝ Հաղթանակի 80-ամյակի ընթացքում Ստեփանակերտում ապամոնտաժվել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Իվան (Հովհաննես) Խրիստոֆորի Բաղրամյանի հուշարձանը։
Լավ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը հայրենիք է հանդիսացել Խորհրդային Միության չորս մարշալների և ԽՍՀՆ Ռազմածովային ուժերի երեք ծովակալներից մեկի՝ Իվան Իսակովի համար։ Այսօր այդ լեգենդար հրամանատարներին նվիրված բոլոր հուշարձանները, որոնք գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած նրանց հայրենի գյուղերում, ամբողջությամբ ոչնչացվել են։ Չարդախլու եզակի գյուղում, որտեղ ծնվել և մեծացել են ապագա մարշալներ Բաղրամյանն ու Ամազասպ Բաբաջանյանը, ինչպես նաև հարյուրավոր գեներալներ, ոչնչացվել են բոլոր հուշարձանները, այդ թվում՝ Հայրենական պատերազմի թանգարանը։
Վերացվել է Իվան Իսակովի հուշարձանը։ Սրբադասվել է մարշալ Խանփերյանցի հիշատակը։ Պղծվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը Շուշիում՝ իր անունը կրող հրապարակում։ Ոչնչացվել է մեկ այլ անվանի շուշեցու՝ ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության համակարգի հիմնադիրներից Իվան Տևոսյանի հուշարձանը։ Նրա ջանքերի շնորհիվ պատերազմի տարիներին ԽՍՀՄ արդյունաբերությունը Արևմտյան շրջաններից տեղափոխվեց Ուրալ և Սիբիր։ Տևոսյանը, ինչպես Բաղրամյանը, թաղված է Կրեմլի պատի մոտ։ Կործանվել են նաև Հայրենական պատերազմի ճակատներում զոհված զինվորների եղբայրական գերեզմանները։ Ցավոք, այս խայտառակ գործերի ցանկը կարելի է շարունակել։
Ռուսաստանի հայերի միությունը այս վանդալիզմի ակտերը, մասնավորապես՝ Հաղթանակի լեգենդար հրամանատարի՝ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի հուշարձանի ապամոնտաժումը նրա հայրենիքում, գնահատում է որպես Ադրբեջանի իշխանությունների և նրանց հովանավորների կողմից մշակված ծրագրված գործողությունների մաս, որի նպատակը խորհրդային ժողովրդի դերի արժեզրկումն է, պատմական փաստերի խեղաթյուրումը, ինչի վերջնական նպատակն է՝ պատմական ճշմարտության աղավաղումը, բարոյական հիմքերի խարխլումը և սերունդների միջև շարունակական կապի խզումը։
Դիտարկելով այս հանցագործությունը որպես օղակ՝ հակառուսական կենտրոնների կողմից համակարգված քաղաքականության մեջ, որի նպատակն է խորհրդային հրամանատարների արձանների կործանումն ու համաշխարհային պատմության վերաշարադրումը՝ ԽՍՀՄ-ի և նրա մեծ որդիների դերի վերանայմամբ, Ռուսաստանի հայերի միությունը դիմում է ՌԴ Քննչական կոմիտեին՝ պահանջելով հանցագործության փաստով հարուցել քրեական գործ՝ «Ռուսաստանի ռազմային փառքի խորհրդանիշների պղծման, Հայրենիքի պաշտպանների հիշատակի հրապարակային վիրավորանքի» հատկանիշներով։
2025թ․ մայիսի 20
Արա Աբրահամյան
