Ալբանիայից կադրերը ճնշող էին յուրաքանչյուր հայի համար, դրանք խայտառակ կադրեր էին, որոնցում ցուցադրված էր արժանապատվությունը կորցրած մարդու վարքը, և նրա բոլոր շարժումները վկայում էին, որ նա լիովին կախված է այդ երկու մարդկանցից։ Այս մասին մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ խոսքը Տիրանայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների զրույցի տեսանյութի մասին է։
«Մուրում են մի փաստաթուղթ, որը ոչ թե խաղաղության մասին է լինելու, այլ Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական հեռանկարի մասին։ Այդ փաստաթուղթը ներքաղաքական նպատակներ է հետապնդելու։ Սրանից լավ բան չեմ սպասում՝ հաշվի առնելով նաև ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը»,- նշել է նա։
Քոչարյանի գնահատմամբ, կա երկրի ձախողված ղեկավար, որը փորձում է ամեն գնով պահպանել աթոռը, և կան արտաքին խաղացողներ, որոնք կգնահատեն՝ արժե՞ նրան սատարել այս հարցում, թե՞ ոչ։
«Մենք 2021 թվականից խոսում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Ես չեմ հավատում, որ պարտության խորհրդանիշը կարող է դրան հասնել։ Նա վախենում է ամեն ինչից և փորձում է ամեն գնով փրկել իրեն։ Նման առաջնային մոտիվացիայով մարդը չի կարող մտածել պետության մասին»,- հավելել է Քոչարյանը։
