Իսրայելական բանակի նոր հարձակման նպատակը Գազայի հատվածի լիակատար վերահսկողությունն է․ Նաթանյահու

Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

«Ինտենսիվ մարտեր են ընթանում, մենք առաջ ենք շարժվում։ Մենք ամբողջ հատվածը վերահսկողության տակ կվերցնենք։ Բայց դրա համար պետք է այնպես գործել, որպեսզի ոչինչ չկարողանա մեզ կանգնեցնել»,- մեջբերում է Deutsche Welle-ն Նաթանյահուի խոսքը։

Նա հավելել է, որ բանակը ստիպված կլինի կարգուկանոն պահպանել հատվածում և, մասնավորապես, թույլ չտալ մարդասիրական օգնության թալանը։

Իսրայելի անվտանգության կաբինետը մայիսի սկզբին արդեն քննարկել էր Գազայի հատվածում զորքերի հետագա ներկայության պլանները մարտական գործողությունների ավարտից հետո, սակայն չէր հստակեցրել, արդյոք իսրայելական ուժերը կվերահսկեն ամբողջ հատվածը, թե միայն առանցքային բնակավայրերը։

Իսրայելի կառավարությունը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 19-ից, կրկին թույլատրել է մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված։ Դիտորդները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, նախկինում բազմիցս զգուշացրել էին, որ առանց օգնության այս պաղեստինյան տարածաշրջանի բնակչությանը սով է սպառնում։ Մատակարարումներն իրականացնում է Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ինչպես նաև World Central Kitchen կազմակերպությունը։ Իսրայելական բանակը և անվտանգության ուժերը վերահսկում են նրանց մուտքը Գազայի տարածք։

Գազայի հատված մարդասիրական օգնությամբ շարասյունների մուտքը կասեցվել էր իսրայելական իշխանությունների կողմից մարտի սկզբին։ Իսրայելի կառավարության պնդմամբ, ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, որոնք գործում են այս տարածքներում, յուրացնում են մարդասիրական օգնությունը, վերավաճառում են այն և այդպիսով ֆինանսավորում զենքի մատակարարումները։