Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ կառուցել և խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը լավ հայտնի է, և այդ մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով։ Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե արդյոք վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպանը նկատեց՝ պետք է իրականության աչքերին նայել և հարաբերություններն էլ ադապտացնել այդ իրականության մեջ։
«Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան և առաջ ընթանալ՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- ասել է դեսպանը։
