Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ չեն ուզել ասել, երևի, որ տրամադրություններս չընկնի. Այդ փաստը հետեւյալն է. ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂՀ-ն: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այն պահին, գրեթե միաժամանակ ԽՍՀՄ-ի կազմալուծմանը, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմամբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին, միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ բանակցային գործընթացի բոլոր փուլերում, հենց ամենասկզբից եւ արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում նաեւ Մադրիդյան սկզբունքներում:
Հիշեցնեմ՝ մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, մյուսը՝ ինքնորոշման իրավունքը ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ով դեռ կասկածում է, խորհուրդ կտամ կարդալ Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ գլուխը, որը վերնագրված է «ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքներ»: Այս գլխում ասվում է, որ մասնակից կողմերը պարտավորվում են հարգել ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, և միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում և տարածքային ամբողջականությանը վերաբերող նորմերին: Սա շատ հստակ գրված է:
Այս նույն հիմնարար սկզբունքը արտահայտված է ավելի ուշ բանակցային շրջանի փաստաթղթերում ու հայտարարություններում, այդ թվում նաև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հայտարարության մեջ: Նույնը արձանագրված է 2024-ին օգոստոսի 30-ին ստորագրված և ուժի մեջ մտած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխտանքային կանոնակարգում:
Այս նույն սկզբունը ներառված է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պյմանագրի համաձայնեցված տեքստում»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը:
